Չնայած արտահանման ծավալների կրճատմանը՝ տարին կամփոփվի որոշակի աճով. նախարար
2019 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, ինչը միջին հաշվով համադրելի է նախորդ երեք տարիների ցուցանիշներին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«6.5% տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի ծավալների 2% աճը, ինչը, սակայն նախորդ երեք տարիների միջին ցուցանիշից ցածր է»,- նշեց նախարարը:
Ըստ նրա՝ ցածր ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ լեռնահանքային արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 20 %-ով: Անկման պատճառներից մեկն այն է, որ մետաղների միջազգային գները 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 12-15 տոկոսով նվազել են:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ի տարբերություն հանքարդունաբերությանը, այս տարվա առաջին եռամյսակում 7,5-8%-ով աճել է մշակվող արդյունաբերությունը, 17.3%-ով՝ ծառայությունների , 10.1%-ով՝ առևտրաշրջանառության ծավալը:
Հունվար-մարտին շինարարության ոլորտում ևս աճ է արձանագրվել՝ 10.8 %-ի չափով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 5%-ով, ընդ որում` արտահանումը նվազել է 8.6%-ով, իսկ ներմուծումը՝ 3.1%-ով:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ առաջին եռամսյակում որոշակիորեն նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը: Ըստ նախարարի՝ սա ժամանակավոր, սեզոնային բնույթ ունի:
«Մենք գազ ենք ներկրում, դրանից արտադրում ենք էլեկտրաէներգիա և արտահանում: Դա միշտ տարվա ընթացքում կախված է լինում պահանջարկից: Եվ առաջին ամիսների ընթացքում այդպիսի անհրաժեշտություն չի եղել: Մեր գործընկերները վստահեցնում են, որ տարվա մնացած ամիսների ընթացքում այդ բացը կվերականգնվի»,- ընդգծեց նախարարը:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ ծխախոտի արտադրության և արտահանման գծով ևս առաջին եռամսյակում որոշակի նվազում է արձանագրվել:
Նախարարն ասաց, որ ըստ հավաստիացումների, արտահանման ծավալները ժամանակի ընթացքում կվերականգնվի:
Նշվեց նաև, որ հունվար-մարտին 4,4 մլն դոլարով նվազել է ալյումինե փայլաթիթեղի արտահանումը:
«Սա պայմանավորած էր նրանով, որ որոշակի շուկաներում, մասնավորապես ԱՄՆ-ի, ռուսաստանյան որոշ կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում: Հիմա արդեն այդ խնդիրը ուծվել է, արդեն մարտին նախորդ տարվա մարտի նկատմամբ որոշակի աճ է գրանցվել: Եվ մնացած ամիսների ընթացքում նախատեսում է առնվազն 22-25 տոկոս ֆիզիկական ծավալների աճ նախորդ տարվա նկատմամբ»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:
Չնայած արտահանման ծավալների կրճատմանը, նախարարը հավաստիացրեց, որ տարին կամփոփվի որոշակի աճով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում