ԵԽ Խոսքի ազատության զեկույցն Հայաստանին կոչ է անում փոփոխել ատելության խոսքի հետ կապված օրենքները
Եվրոպայի Խորհրդը հրապարակել է Եվրոպայում ազատ արտահայտման 2018թ․-ի զեկույցը։ Հրապարակված զեկույցում նկարագրվում է 2018 թվականին Եվրոպայում արտահայտվելու ազատության հիմնական վտանգները և այն գործողությունները, որոնք կառավարությունները պետք է, որպես առաջնային խնդիր, իրականացնեն հակազդելու համար:
Զեկույցը մտահոգություն է հայտնում լրագրողների նկատմամբ բռնությունների աճի կապակցությամբ և հիշեցնում առնվազն երկու լրագրողի սպանությունների դեպքերը, որոնք ուսումնասիրում էին կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեպքերը։
Մտահոգիչ է համարվում որոշ երկրներում ՀԿ-ների նկատմամբ հաճախակիացած վերբալ հարձակումներն ու սահմանափակող օրենսդրությունը, ապատեղեկատվության տարածումը մեդիայով և առցանց լրատվամիջոցներով, և որպես թվային հեղափոխության բացասական ազդեցություն նշվում է որակական և հետաքննական լրագրության ֆինանսական կենսունակության անկումը:
Զեկույցում նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը առաջարկություններ է ներկայացրել մի քանի երկրների, այդ թվում Հայաստանին, որպեսզի նրանք փոփոխեն կամ վերացնեն ատելության խոսքի վերաբերյալ անորոշ կամ չափազանց լղոզված օրենքներն ու նախագծերը։Առաջարկությունները, ի թիվս այլի, ներառում է խտրականության անուղղակի կոչերի, կրոնական ֆանատիզմի կամ հալածանքի ձևերի քրեականացում, որոնք բավականաչափ չեն տարբերում ատելության խոսքն ու պարզապես վիրավորական արտահայտությունը։
Զեկույցում նշվում է գործողությունների հինգ ուղղություններ, որոնք պահանջում են Եվրոպայի խորհրդի և նրա անդամ 47 երկրների հատուկ ուշադրությունը: Այս առաջնահերթությունները ներառում են լրագրողների արդյունավետ պաշտպանությունը բռնությունից, հավաստիացում, որ հակաահաբեկչական միջոցառումները չեն չարաշահվի՝ սահմանափակելով մամուլի ազատությունը, հանրային լրատվամիջոցների, որակյալ ու հետաքննական լրագրության պաշտպանությունը:
Բացի այդ, պետությունները պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը՝ ստեղծելու հստակ իրավական դաշտ, որը վերաբերում է ինտերնետային միջնորդների պարտականություններին՝ խոսքի ազատության հետ կապված, և ապահովելու, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը հետևողականորեն ներգրավված լինի ազգային դատական և կարգավորիչ համակարգերում:
Զեկույցում ընդգծվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողությունը շարունակում է մնալ կարևոր գործիք, ապահովելու համար, որ ազգային օրենսդրությունն ու պրակտիկան համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված չափանիշներին: Նշվում է, որ ՄԻԵԴ-ը 2018թ․-ին հրապարակել է ավելի քան 70 դատական ակտեր արտահայտվելու ազատության գործերով՝ արձանագրելով խախտումներ մոտավորապես երկու երրորդում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում