Դեռևս ներդրումներն այն մակարդակի չեն, որ կցանկանայինք լիներ. Տիգրան Խաչատրյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը մտահոգիչ է համարում ներդրումների ներկա մակարդակը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարն ասաց, որ երբ խոսում են ներդրումների մասին, ապա պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ որքան դա կախված է օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուց, նույնքան էլ կախված է ՀՀ քաղաքացիների վարքագծից. «Մենք՝ որպես հասարակության անդամներ, որքանո՞վ ենք պատրաստ մեր խնայողությունները ստեղծել և դրանք ուղղել ներդրումներին: Պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, որ արդեն 4,5 տարի հետո հասնենք այդ նպատակին»:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ դեռևս ներդրումներն այն մակարդակի չեն, որ կցանկանային լիներ, ինչն էլ մտահոգիչ է։ Սակայն, ըստ նրա, անում են իրենցից կախված ամեն ինչ, որ ներդրումներն ավելանան։
Նախարարի խոսքով՝ իրականում ներդումներ ապահովելու համար անհրաժեշտ է համբերատար և երկարատև աշխատանք:
«Այսինքն՝ ունենք շատ բարդ ճանապարհ, բայց մենք այդ աշխատանքն անում ենք, հավատում ենք, որ այդ աշխատանքն արդյունքներ կտա։ Կտա այն արդյունքները, որ կառավարության ծրագրով նախատեսված են»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը: