Ռուսաստանը դարձել է ոսկու գնման համաշխարհային առաջատար
2019 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը դարձել է ոսկու գնման համաշխարհային առաջատար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) տվյալները:
Ըստ WGC-ի տվյալների՝ Մոսկվան գնել է 55,3 տոննա ոսկի: Այսպիսով, երկրի ոսկու պահուստի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2,168 տոննա: Նշվում է , որ 2018 թվականին Ռուսաստանը ձեռք է բերել 274,3 տոննա ոսկի:
Տարեսկզբին ոսկու ամենաակտիվ գնորդների թվում են եղել նաև Թուրքիան, Ղազախստանը, Էկվադորը, Քաթարը և Կոլումբիան:
Ընդհանուր առմամբ, 2019-ի առաջին եռամսյակում ոսկու գնման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում երկրները գնել են 145,5 տոննա ոսկի, ինչը 68%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: