Ինստագրամում Հոլոքոստի ժամանակ զոհված աղջկա անունով էջ են բացել, որ նրա պատմությունը պատմեն
Ինստագրամում լայն ճանաչելիություն է ձեռք բերում 13-ամյա հունգարուհի Եվա Հեյմանի էջը, որը մահացել է 1944 թվականին Օսվենցիմում: Էջը, որն արդեն ունի ավելի քան կես միլիոն բաժանորդ, պատմում է աղջկա կյանքի իրական պատմությունը՝ հիմնված նրա օրագրի գրառումների վրա: Այս մասին գրում է euronews-ը։
Ինչ է տեղի ունեցել Եվայի հետ, պատմվում է ինստագրամի 70 «սթորիներում», որոնք տարածվել են մայիսի 1-ին և 2-ին, երբ Իսրայելը հիշատակում է Հոլոքոստի զոհերին: Պատմությունը սկսվում է աղջկա ծննդյան օրվանից, ներկայացնում նրա առաջին սիրո ու ապագայի ծրագրերի պատմությունները:
Աստիճանաբար կարճ տեսանյութի տոնը փոխվում է և դիտողը նկատում է Դավիթի աստղը, իսկ նացիստներն ավերում են նրա տունը: Վերջին «սթորին» հրապարակվել է երեկ՝ ժամը 10-ին, երբ Իսրայելում հնչում է Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ազդանշանը։ Այդ ժամանակ Եվան արտաքսվում է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։
Այս նախագիծն իրականացվել է գործարար Մաթի Կոչավիի ու նրա դստեր՝ Մայայի կողմից:
«Ժամանակակից մարդիկ մոռացել են Հոլոքոստի ողբերգության մասին։ Որպեսզի հիշեցնենք, մենք որոշեցինք 1944թ․-ին ապրող աղջկան տալ սմարթֆոն, այլ ոչ թե թուղթ ու գրիչ», - ասել է Կոչավին՝ Associated Press-ին տված հարցազրույցում:
Սթորիները նկարահանվել է Ուկրաինայում, նկարահանումներին մասնակցել է 400 մարդ:
«Մենք իրականում կինոնկար ենք պատրաստել, որտեղ մենք նրա կյանք ենք ստեղծել», - ասում է գործարարը:
Նախագծի ստեղծագործները 30 օրագիր են ուսումնասիրել և, իրենց կարծիքով, Եվան շատ ժամանակակից պատանիների հետ ընդհանրություններ ունի։
«Շատ առումներով նա շատ ժամանակակից աղջիկ է, նրա ծնողները բաժանված են, նա սիրում է մի տղայի, ով ուշադրություն չի դարձնում նրան, և նա ուզում է լրագրող դառնալ, երբ մեծանա»,-ասում է Մայան:
Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 6 միլիոն հրեա մահացավ ֆաշիստների ու նրանց դաշնակիցների կողմից: