Վահագն Պապյանը ցանկանում է Խաչատրյանի մրցույթի շրջանակներում հանդիպել վառ անհատականությունների
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին ղեկավարելու է մեծ ճանաչում ունեցող դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը։ Հունիսի 6-ին մեկնարկելիք մրցույթին կմասնակցի 12 երկրի 30 երաժիշտ, որոնք արդեն անցել են նախնական ընտրության փուլ։ Մրցույթն այս տարի կայանալու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մրցույթի կազմակերպիչների տեղեկացմամբ, երիտասարդ դաշնակահարները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինասատանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան։
Մրցույթի ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը նշում է, որ Խաչատրյանի մրցույթը կարևորագույն իրադարձություն է երաժշտական կյանքում, մասնակիցներին գնահատելիս ժյուրիի կողմից որդեգրված չափանիշները լինելու են բարձր։
«Ակնկալում ենք արդեն պատրաստի միջազգային մակարդակի կատարողների։ Ունենք հեղինակավոր և շատ փորձառու ժյուրի»,- ասել է Վահագն Պապյանը։
Նրա խոսքով, որպես ժյուրիի նախագահ՝ կցանկանար մրցույթի շրջանակներում հանդիպել վառ անհատականությունների։
Վահագն Պապյանը համոզմունք է հայտնում, որ դաշնակահարները կհաղթահարեն հուզմունքը, և իրենք ականատես կլինեն բարձրակարգ ելույթների։
Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին: Այն 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ լինելով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: Երաժշտական այս ստուգատեսն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Խաչատրյանի մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ, գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 12 երկրի 30 դաշնակահար
- Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Վահագն Պապյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան