Բանակցությունների միջոցով պետք է կարողանանք հիմնավորել՝ ավտոմեքենաների մաքսատուրքերն ինչու չպետք է բարձրացվեն. նախարար
Երրորդ երկրներից Հայաստան ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարից նախատեսվում է երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մոտ 700-800 ապրանքների մաքսատուրքերը բարձրացնել ու համապատասխանեցնել ԵԱՏՄ-ի մյուս երկրներում գործող մաքսատուրքերին։
Նախարարն ասաց, որ դեռ որոշում չկա, սակայն, ըստ նրա, հույս ունեն, որ կա չբարձրացնելու հնարավորություն:
«Ի սկզբանե մեզ տրված է եղել անցումային ժամանակաշրջան: Այսինքն՝ դա բանակցությունների արդյունք է, որի մի կողմը մենք ենք: Հիմա խոսքը վերաբերում է վերաբանակցելուն: Եթե դա միայն վերաբերեր Հայաստանի ներքին շուկային, ամենայն հավանականությամբ ավելի կանխատեսելի կլիներ խնդրի ելքը: Բայց գիտենք, որ Հայաստանում մաքսազերծման գումարներն ավելի ցածր են, քան ԵԱՏՄ որևէ երկրում, դա պատճառ է դարձել, որ մեքենաները մաքսազերծվում են այստեղ, վաճառվում՝ այնտեղ: ԵԱՏՄ որոշ երկրներում հայկական պետհամարանիշներով մեքենաների քանակն այնքան շատ է, որ իրենց քաղաքացիներն էլ են հարցնում, թե ինչու հարկերն իրենց երկրում չեն վճարվում, այլ վճարվում են Հայաստանում, որտեղ տուրքի դրույքաչափերը ցածր են»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ այժմ պետք է բանակցությունների միջոցով կարողանան հիմնավորել, թե ինչու դրույքաչափը պետք է չբարձրացվի: «Դժվար ելք է լինելու, բայց մենք փորձում ենք գտնել դրա հնարավորությունը, որ ՀՀ քաղաքացու շահերի տեսանկյունից ճիշտ լուծումներ գտնվեն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: