ԱՄԷ ընկերությունները կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին
Հայաստանը կարևորում է ԱՄԷ հետ համագործակցությունը, և վերջին շրջանում երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, նաև զբոսաշրջության ոլորտում նկատվող աճի միտումները վկայում են Հայաստան-ԱՄԷ համագործակցության զարգացման դրական դինամիկայի մասին: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղիին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Կառավարության փոխանցմամբ, Ահմադ Ալի Ալ-Սայեղին հայտնել է, որ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ, և հանձնաժողովի գործունեությունը հենց այդ մասին է վկայում:
Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով տնտեսական փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետը նշել է, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ՝ տնտեսության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով:
Հայ-էմիրաթական տնտեսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, ՏՏ, վերականգնվող էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում համագործակցությունը: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԱՄԷ գործարարների համար դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրների շուկաներ: ՏՏ ոլորտում համագործակցության խորացման համատեքստում վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄԷ ընկերություններն ակտիվ կմասնակցեն 2019 թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:
Ահմադ Ալի Ալ-Սայեղին նշել է, որ ԱՄԷ համար ևս հետաքրքրական է վարչապետի նշած ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, և ընդհանրապես ԱՄԷ-ն պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցությունը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար ոլորտներում: