ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան. Էրդողանի հայտարարությունները զոհերի հիշատակի և վերապրածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի ցավալի դրսևորումներ են
Թուրքիայի նախագահի կողմից ապրիլի 24-ին արված հայտարարությունը զոհերի հիշատակի և վերապրածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի առավել քան վիրավորական և ցավալի դրսևորումներ են, ինչպես նաև՝ ցեղասպանության արդարացման ծայրահեղ մտահոգիչ փորձ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1226 նիստին։
«Դրանք զոհերի հիշատակի և վերապրածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի առավել քան վիրավորական և ցավալի դրսևորումներ են, ինչպես նաև՝ ցեղասպանության արդարացման ծայրահեղ մտահոգիչ փորձ։ Այն Թուրքիայի իշխանությունների կողմից վարվող ժխտողականության քաղաքականության ցայտուն դրսևորումներից մեկն է»,-ասել է Պապիկյանը։
ԱԳՆ հասարակայնության ու հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, դեսպանը նկատել է, որ Թուրքիայի նախագահի խոսքերը վկայում են Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման, և որ նման արտահայտությունները միանշանակ կարելի է որակել որպես ատելության և ատելության հրահրմանն ուղղված խոսք։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, դեսպան Պապիկյանը, մասնավորապես, անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների կողմից ս.թ ապրիլի 24-ին Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում Մարդու իրավունքների կառույցի (IHD) ստամբուլյան գրասենյակի խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման արգելելուն, ինչը խաղաղ հավաքների կազմակերպման հիմնարար իրավունքի խախտում է:
Դեսպան Պապիկյանը նշել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին հենց այդ նույն հրապարակ են բերվել 235 ականավոր հայ գործիչներ, այդ թվում` Օսմանյան խորհրդարանի անդամներ, կրոնական և համայնքային ղեկավարներ, նշանավոր գրողներ և արվեստագետներ, որոնք հետագայում սպանվել են:
Դեսպանը նաև տեղեկացրել է, որ ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, նույն օրը, հրապարակայնորեն Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, ոստիկանության կողմից բերման է ենթարկվել հայազգի ակտիվիստ, որը Թուրքիայում ազատ խոսքի իրավունքի հերթական խախտումներից մեկն է։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. «Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ աղետ»
- Հայ պատմագետը՝ Էրդողանին. 100 տարի է, նույն երգն եք երգում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան