Ես նույնիսկ չգիտեմ, թե Սուրիկ Խաչատրյանն այս պահին որտեղ է. Հունան Պողոսյան
Սյունիքի մարզում ներդրումների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Այս մասին այսօր Արարատի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Նշենք, որ այսօր Արարատի մարզում տեղի է ունեցել «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև մասնակցել է տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին:
Հունան Պողոսյանն ասաց, որ մայիսի 25-ին Սյունիքում ևս նմանատիպ համաժողով կանցկացվի և կներկայացվեն մարզի ներդրումային ծրագրերը: Դրանք, ըստ մարզպետի, վերաբերում են գյուղատնտեսությանը, հանքարդյունաբերությանն ու տուրիզմին:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք մարզում քրեական ակտիվությունը նվազել է, քանի որ նրա նշանակումը կապում էին դրա կանխման հետ, Հունան Պողոսյանն ասաց, որ հանրապետությունում չկա մի տարածք, որտեղ չլինի քրեական ակտիվություն. «Իհարկե, խոսքը գնում է կենցաղում հանդիպող դեպքերի, իրադարձությունների, պատահարների մասին, որոնցով զբաղվում են պատկան մարմինները: Դուք երևի ճիշտ չեք ընկալել հարցն այն առումով, որ ես որպես մարզպետ համակարգելու եմ այդ աշխատանքները: Իսկ ինչ վերաբերում է քրեածին հանցավոր միջավայրին, դրա համար կան պատկան մարմիններ՝ ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, որոնք իրենց աշխատանքը պատշաճ կատարում են»:
Հարցին, թե արդյոք նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նախկինի պես ակտիվ է մարզում, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Չէի ասի: Ես նույնիսկ չգիտեմ, թե Սուրիկ Խաչատրյանն այս պահին որտեղ է՝ մարզո՞ւմ է, թե ոչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան