Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Շիրակի երկու համայնքներում
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Բասենի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ:
Դատախազությունից հայտնում են, որ ապրիլի 19-ին ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունից ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Բասեն համայնքի նախկին ղեկավարը հիմնել է համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոպերատիվը և «Բասեն համայնքի զարգացման հիմնադրամը», որոնց հաշվեհամարներին ավագանու որոշումների հիման վրա փոխանցել են գումարներ, մինչդեռ նման որոշումներ և հաշվապահական փաստաթղթերում գումարների փոխանցման նպատակների վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: ՝
Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում Բասեն համայնքի ղեկավարը, տարբեր խնդիրներ ունեցող բնակիչներին որպես դրամական օգնություն՝ «այլ նպաստ», հատկացնելու պատրվակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի 2 աշխատակիցների անվամբ համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր խոշոր չափի 3.523.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն։
Ըստ աղբյուրի, առերևույթ կոռուպցիոն չարաշահում է պարզվել Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։ Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2015 թվականի սեպտեմբերի 7-ին նույն դպրոցում որպես հավաքարար է հրամանագրել նախկին հաշվապահին, ով աշխատանքի չի հաճախել, իսկ դպրոցի տնօրենը, վատնել է որպես հավաքարար հրամանագրված աշխատակցի անվամբ դուրս գրված խոշոր չափերի՝ 2.360.000 ՀՀ դրամ աշխատավարձը:
Երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր: Դրանց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան