Զարուհի Մեժլումյանին կփոխարինի Սեդա Աղբալյանը
Պետական վերահսկողական ծառայության լրատվության բաժնի ղեկավար Զարուհի Մեժլումյանը դուրս է եկել աշխատանքից։ Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է, որ հիմնել է ընկերություն։
«Երբ թավշյայից հետո՝ անցյալ տարվա օգոստոսին, Պետական վերահսկողական ծառայության պետ, հեղափոխական ազնվագույն քաղաքացի Դավիթ Սանասարյանից առաջարկ ստացա՝ ՊՎԾ-ում լինել լրատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար, դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում:
Պատասխանեցի, որ մի քանի ամիս կարող եմ փորձել, քանի որ փաստաբան դառնալով՝ ինձ պատկերացնում եմ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման դաշտում: Հետևաբար, փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ կազմակերպչական հարցերը կարգավորելու նպատակով ապրիլի 11-ից գտնվել եմ արձակուրդում՝ տեղեկացնելով ղեկավարիս, որ արձակուրդից հետո աշխատանքից դուրս գալու դիմում եմ ներկայացնելու և հիմնելու եմ իմ ընկերությունը:
Տեղեկացնում եմ, որ արդեն դուրս եմ եկել աշխատանքից ու հիմնել եմ «Քո պաշտպանը» անվանումով ընկերությունը, որը զբաղվելու է քրեական արդարադատության խնդիրներով, իսկ գլխավոր թիրախում դատական սխալներն են լինելու: Ինչ վերաբերում է ՊՎԾ-ում իմ աշխատանքին, ապա ինձ համար մեծ պատիվ է եղել թեկուզ խիստ ժամանակավոր աշխատել սկզբունքային հեղափոխական ու պետական գործչի՝ Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ-ի աշխատակազմի հետ:
Հ.Գ. ՊՎԾ-ի վերակազմավորման հետևանքով այլևս լրատվության բաժին չի լինելու: Մամլո խոսնակի պարտականությունները կատարելու է ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը»,-մասնավորապես գրել է նա։
Հիշեցնենք, որլրագրող, տուրիստական գործակալության տնօրեն, անկուսակցական Սեդա Աղբալյանը «Ժառանգություն« կուսակցության ցուցակով մասնակցում էր Երևանի ավագանու անցած ընտրություններին։