Ժխտողականության սերմանումը խրախուսում է ավտորիտար ռեժիմին, ինչպիսին Էրդողանինն է. Հարութ Շիրինեան
2019 թվականի ապրիլի 24-25-ի լիագումար նստաշրջանում Բելգիայի Ներկայացուցիչների պալատը քննարկեց և ընդունեց օրենք, որն, ի թիվս այլ հարցերի, պատժում է ցեղասպանությունների ժխտումը, ինչպիսիք են Ռուանդայում թուցիների դեմ ցեղասպանությունը և Սրեբրենիցայի կոտորածները: Չնայած Բելգիայի հայ համայնքի, խոհրդարանի մի քանի անդամների և ոլորտի մասնագետների ջանքերին`ընդունված տեքստը չի ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։
«Այս օրինագիծը բխում է ԵՄ-ի կողմից եկած առաջարկից, որը պահանջ է իր անդամ երկրներին՝ քրեականացնել բոլոր ցեղասպանությունների ժխտողականությունը: Սակայն առաջարկը ազատություն է տալիս անդամ երկրներին հաշվի առնել կամ ոչ, այն հանգամանքը, որ ցեղասպանությունները ստացած լինեն Միջազգային դատարանի որոշում։ Դժբախտաբար, Հայոց ցեղասպանությունը նմանօրինակ որոշման չի արժանացել, որովհետև համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ ՄԱԿ-ը տակավին գոյություն չուներ։ Բայց, Բելգիան Հայոց ցեղասպանությունը երեք մակարդակով ճանաչած լինելով` Ներկայացուցիչների պալատ, Սենատ և կառավարություն` վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական հայտարարությամբ, հավատում էինք, որ բավարար տվյալներ կային՝ Հայոց ցեղասպանությունը օրենքի մեջ ներառելու համար»,-այս մասին Panorama.am-ին ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինեանը։
Հարութ Շիրինեանը նշեց, որ Բելգիայի խորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը օրենքից բացառելու մասին որոշումն անընդունելի է և խորապես հիասթափեցնող, քանի որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախադրյալներ կան. մի քանի եվրոպական երկրներում նմանատիպ օրինակներ եղել են:
«Ժխտողականության սերմանումը, անշուշտ, խրախուսում է ավտորիտար ռեժիմին, ինչպիսին Էրդողանինն է, և, ցավոք, սա կանաչ լույս է` հակահայկական տրամադրությունների համար։ Ցավալի է տեսնել, թե ինչպես Պալատի մեծամասնությունը անհաղորդ մնաց հասարակական կարծիքին, Բելգիայի լավագույն լրատվամիջոցներում հրապարակված բազմաթիվ հոդվածներին, մարդու իրավունքների ակտիվիստների պահանջներին և տարբեր խորհրդարանականների տեսակետներին։ Այս ամենը, անկասկած, նշանակում է, որ մենք Բելգիայի հայ համայնքի հետ էլ ավելի մեծ ջանքեր ենք գործադրելու` պահանջելով արդարություն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և նրանց հաջորդող սերունդների համար: Առաջիկա ընտրություններից հետո մենք մտադիր ենք սերտորեն աշխատել Բելգիայի նոր խորհրդարանի հետ և հարցը վերադարձնել օրակարգ»,-Panorama.am-ին ասաց Հարութ Շիրինեանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու Հայոց ցեղասպանությունը չներառվեց Բելգիայի՝ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքում
- Բելգիայի խորհրդարանի՝ ժխտողականությունը հանդուրժելու որոշումն անընդունելի է. Հայ Դատի հանձնախումբ