Վիկտոր Սողոմոնյան. Արցախյան ազատամարտի ու դրա արդյունքների արժևորման կարիքն այսօր զգացվում է
Այսօր կարևոր է արցախյան ազատամարտի, դրա արդյունքների արժևորումը, ինչպես նաև այն նպատակներրի վերարժևորումը, որոնք դրված են եղել մեր ժողովրդի առաջ 88 թվականից սկսած։ Այս մասին իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում անցկացվող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին։
«Այդ արժևորման կարիքն այսօր ծայրահեղ կերպով զգացվում է։ Մեզնից հետո եկողները լավ չեն հասկանում, ինչո՞ւ են մարդիկ զոհվել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, դա ընդհանրապես ի՞նչ գին ուներ։ Նրանք, ցավում եմ, բայց չգիտեն, այստեղ մենք լրջորեն թերացել ենք, մենք պետք է լրացնենք դա»,-ասաց նա։
Վիկտոր Սողոմոնյանը նաև ասաց, միշտ պատիվ է համարել ներկայացնել Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այսօր ամաչում է։
«Ես այսօր մի փոքր ամաչում եմ, քանի որ չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովում ինչ-որ մեկը պետք է Քոչարյանին ներկայացնի, որովհետև ինքը ապօրինի կալանավորված է։ Ես անկեղծ ամոթի զգացումով եմ դա անում։ Ցավում եմ։
Կարծում եմ, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և նախագահ Քոչարյանն ազատ կարձակվի ապօրինի կալանքից, և կդադարի նրա նկատմամբ հետապնդումը, որն ակնհայտ կերպով քաղաքական է։ Սա ևս ես դիտարկում եմ արցախյան խնդրի արժևորման համատեքստում, որովհետև չէր կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պաշտպանության կոմիտեի նախագահը, անկախության հռչակագրի համահեղինակը չէր կարող հայտնվել ապօրինի կալանքի տակ, սա չպետք է տեղի ունենար։ Սա չարժևորման գագաթնակետն է, այս դժնդակ օրերում մենք ձեզ հետ ապրում ենք, չեմ կասկածում, վերապրելու ենք»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։
Բանախոսը նշեց, որ այս ֆորումը կարող է օգտակար լինել նաև հաղթահարելու դիլետանտիզմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
«Երեկ չէ առաջին օր ժամը մեկ անց կես քաղաքական գործիչ դարձած մարդն իր պարտքն է համարում հրապարակայնորեն վերլուծել, թե ինչպես է պետք կարգավորել հակամարտությունը, թե ինչպես է պետք պատերազմ անել, ինչպես պատրաստվել կամ ինչպես պետք չէ։ Սա վաղուց ծիծաղելի չէ։ Կարծում եմ, դիլետանտիզմի հաղթահարման առումով այս ֆորումը մեծ անելիք ունի»,-ասաց նա՝ առաջարկելով, որ Արցախի հարցի վերաբերյալ մի շտեմարան ստեղծել, որտեղ կներկայացվեն ազգային շահից բխող տեսանկյունները։
Սողոմոնյանն ընդգծեց, պետք է հասկանալ ու բոլորին հասկացնել, որ առանց Արցախի Հայաստան չկա, առաջարկեց, որ նման գրությամբ պաստառներ փակցվեն ամենուր։
«Այն պետք ամեն օր մեր աչքի առաջ լինի։ Եթե ինչ-որ մեկը սա նացիոնալիզմ է համարում, ապա մենք շատ ենք թերացել։ Այո, առանց Արցախի Հայաստան չկա, սա պետք է հստակ ըմբռնենք»,-ընդգծեց նա։
Սողոմոնյանն առաջարկեց, որ ՀՅԴ Հայ դատի գրասենյակները վերանվանվեն Հայ դատի ու Արցախի միջազգային ճանաչման գրասենյակներ՝ ի նպաստ բերելով Արցախի ճանաչման գործին։
Հիշեցնենք, որ ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ Ստեփանակերտում` ԱԺ-ի նիստերի դահլիճում տեղի է ունենում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։
Ֆորումին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող` այդ գաղափարի մի քանի տասնյակ կողմնակիցներ։
Ֆորումի կազմակերպմամբ ազդարարվելու է երկու հայկական պետությունների միջև համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկի մասին։
Ըստ տարածած հաղորդագրության, ընդունվելու է հռչակագիր, կյանքի է կոչվելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։
Նախաձեռնությունը նպատակ ունի նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին։