Քրեական գործ Դավթաշենի նախկին թաղապետի դեմ
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։
Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։
Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և ուղարկվել նախաքննական մարմին։ Քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը Ռուսլան Բաղդասարյանն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: