Ուսումնասիրում է փակված, այնուհետև սեփականշնորհված մանկապարտեզների մասին հրապարակումները. Ա. Դավթյան
«ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելու ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետաքրքրվեց Երևանում փակված, այնուհետև սեփականշնորհված մանկապարտեզներից։
«Արդյոք կա՞ հարուցված քրեական գործ և ի՞նչ ուղղությամբ է գնում դատախազությունը»,- հարցրեց պատգամավորը։
Գլխավոր դատախազը նշեց, որ լրատվամիջոցում այս թեմայով հրապարակումներն առաջին իսկ պահից արժանացել են դատախազության ուշադրությանը. «Այդ հրապարակման մեջ նշված համապատասխան փաստերով ներկայումս մեր մասնագիտացված ստորաբաժանումը մանրակրկիտ ուսումնասիրություն է անցկացնում։ Բացի դրանից՝ այս պահին կա հարուցված քրեական գործ, որի նախաքննության շրջանակներում շուրջ 5 մանկապարտեզների գործունեությունն է քննության առարկա դարձել՝ նկատի ունենալով, որ ձեռք են բերվել տվյալներ առևերույթ հանցագործության մասին։ Մեր ուսումնասիրությունները ատիվորեն շարունակվում են, և բոլոր այն դեպքերում, որտեղ ձեռք կբերվեն համապաստախան տվյալներ հանցագործության փաստի վերաբերյալ, պետության համապատասխան գույքային շահն ապահովելու ուղղությամբ դատախազական բոլոր գործիքները ներգործելու են: Մի վայրկյան չվարանեք, դրանք բոլորը գործադրվելու են»։