Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ. Վաղուց պիտի հանգիստ նստած լինեիք տեղներդ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօրվա նիստում արտահերթ ելույթում հիշեցրեց 2017-ին քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի խոստումները՝ արարելու ու Երևանին նոր շունչ հաղորդելու մասին։
«Երկու տարի առաջ այս շրջանն էր, մայիս ամիսը, երբ մենք շրջում էինք բակերով ու ասում, որ հուսահատության գազելներից, մահվան վերելակներից, աղբի ու փոշու կույտերից ելք կա»,-ասաց Խաժակյանը։
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի կազմում էին «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները։
Ավագանու անդամը նշեց, հիմա երբ Հայաստանն ու մայրաքաղաքը ղեկավարում է այդ քաղաքական թիմը, մարդիկ սպասումներ ունեն։
«Օրեր առաջ այրվեց այդ հուսահատության գազելներից մեկը։ Հանրային տրանսպորտի վիճակն էլ ավելի է վատթարացել, և քաղաքացիները հարցնում են ձեզ, պարոն Մարության, տրանսպորտի խնդրի լուծմանը 0.1 նանոմետրով հասնելու համա՞ր եք փորձում կրկնապատկել ձեր աշխատավարձը։ Մենք թերթում ենք ձեր պաշտոնավարման ութերոդ ամիսը և քմծիծաղով ենք վերհիշում մահվան վերակների փոխարինման ձեր աշխարհացունց սխեման քաղաքապետարանի պարտատոմսեր թողարկելու վերաբերյալ։ Լավ է, հիմա նման մտքեր չեն հնչում, բայց շատ վատ է, որ երևանցին շարունակում է իր տուն մտնել՝ հատելով մահվան վերելակը, որի անվտանգության պատասխանտուն այլևս դուք եք»,-ասաց ընդդիմադիր խմբակցության անդամը։
Ելույթ ունեցողն ավելորդ համարեց խոսել աղբահանության խնդրի ու Երևանում կուտակված աղբի մասին։
Անդրադառնալով հաստիքացուցակներին, ապա Խաժակյանն ընդգծեց, որևէ նոր բան պլանավորած չկա, ինչը նշանակում է, որ առկա համակարգին այլընտրանք չեն առաջարկում։
«Դուք քննադատում էիք ուռճացված հաստիքացուցակները, բայց չեք խորշել ունենալ 7 խորհրդական, հիմա տեսնենք, թե ինչպես կփոխեք ապագայում, չեք խորշել նրանց համար նախատեսել գործավարներ, վարորդներ ու ծառայողական մեքենաներ»,-ասաց ավագանու անդամը։
Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին ու անհամատեղելի բաժինների միավորմանը, ապա ըստ Խաժակյանի, դրանց պատճառը եղել է անցանկալի աշխատակիցներից ազատվելը։
«Այս ամենն արել եք ազատվելու այն անձանցից, ում չկարողացաք նկատողություններով ազատել, ում վրա չստացվեց գործ հարուցել։ Ահա սա է այն վառ օրինակը, որ դուք իրականում գործում եք՝ հիմք ընդունելով ձեր քաղաքական համակրանքներն ու հակակրանքները»,-ասաց նա՝ ահազանգելով, որ քաղաքը չի կարելի է այսպես անկանխատեսելի կառավարել, երբ հիմա ծափահարում են, որ չարիքը կանխվեց ու աշխատավարձերի բարձրացման նախագիծն օրակարգ չմտավ։
Նիստը վարող քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամին, ասաց՝ նրա հետ համաձայն չէ։
«Ես հասկանում եմ, որ գիշերը գրել էիք տեքստը և կապ չուներ, հաա։ Խնդրում եմ նստեք ձեր տեղն ու կարգ ու կանոնը պահպանեք։ Ես հասկանում եմ, որ պոպուլիզմը կարող է իր գագաթնակետին հասնել, և 20 տարում չլուծված բոլոր խնդիրները ուզում են լուծել երեք ասմում, դրա համար ես կարճ եմ ասում՝ ես համաձայն չեմ»,-ասաց Մարությանը։
«Իմ քայլը» և «Լույս» խմբակցության անդամների միջև բանավեճը կանխել չհաջողվեց։ Անի Խաչատրյանը նկատեց՝ վաղուց պիտի հանգիստ նստած լինեիք տեղներդ։
Մարությանը շարունակեց խոսքը, նշեց, որ նվաճում է համարում քաղաքապետարանում կոռուպցիայի բացակայությունը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգից
- Հայկ Մարության. Աշխատավարձը բարձրացնում ենք, որ մարդիկ աշխատանքի ընթացքում մտածեն աշխատանքի մասին
- Դավիթ Խաժակյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին. Բյուջեի մսխումն էլ ո՞նց է լինում
- Նախկին թաղապետ.Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը բյուջեի կլասիկ գրպանում է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան