Վարչապետը ներկայացնում է 100 փաստ Նոր Հայաստանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ այսօր հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ասուլիսի ընթացքում վարչապետը ներկայացնում է 100 փաստ Նոր Հայաստանի մասին: Մինչ փաստերը ներկայացնելը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող էին 200 և ավելի փաստ հրապարակել, բայց հասկանում են, որ պետք է դրանով սահմանափակվել։
Փաստ 1.
Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի կլինի։
Վարչապետը նշեց, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25%-ով կամ 64,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ստվերի կրճատման արդյունքում 2018 թվականին համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 21,8%-ը, ինչը 2017 թ-ի համեմատ բարելավվել է 1.3 տոկոսային կետով։
Փաստ 2.
ՀՀ կառավարությունը հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը:
«Երկար տարիներ ՀՀ-ում քննարկման առարկա է եղել այն, որ Պետական եկամուտների կոմիտեն, Հարկային մարմինները գերավճարներ են պահանջում տնտեսվարողներից։ Անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը եղել է 130 մլրդ դրամ, այսինքն՝ բիզնեսն այդքան գումար ավելի է վճարել՝ առանց դրա պարտավորությունն ունենալու։ Հեղափոխությունից հետո ՊԵԿ-ն ընդունել է հաշվետվություն գործարարներից, բայց դրա դիմաց փող չի գանձել, և 120 մլրդ դրամի պարտավորություն մարվել է։ Դա նշանակում է, որ այս ընթացքում կառավարությունը մոտավորապես 300 մլն դոլար վերադարձրել է բիզնեսին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաստ 3.
Հեղափոխությունից հետո ԱԱՀ գծով շուրջ 19 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Փաստ 4.
Հեղափոխությունից հետո նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է շուրջ 82 մլն ՀԴՄ կտրոն, ինչը շուրջ 35-40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Վարչապետը նշեց, որ խոսքը մայիսից մայիս ժամանակահատվածի մասին է:
Փաստ 5.
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն ՓՄՁ սուբյեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով նաև դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով: ՀԴՄ-ների ներմուծման և իրացման շուկայի ազատականացման արդյունքում, ըստ վարչապետի, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2019 թ-ի նոյեմբերի 1-ից իրականացնելու է միայն սահմանամերձ գյուղական բնակավայրերում հաշվառված ՀԴՄ-ների անհատույց տրամադրում և անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկում։
Փաստ 6.
51 հազար աշխատատեղ դուրս է բերել ստվերից, որոշ մասը ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են:
Փաստ 7.
Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերը՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք արդեն աշխատում են առանց ընդմիջման ժամերի:
Դրա համար մշակվել և ՊԵԿ-ի պաշտոնական կայքում ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների արժեքների էլեկտրոնային հաշվիչը։
Փաստ 8.
2019 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը: Ընդ որում՝ զինվորական շարքային պայմանագրային աշխատակազմի աշխատավարձը կբարձրանա շուրջ 20%-ով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինվորների աշխատավարձը՝ շուրջ 30%-ով։ Կբարձրանան նաև ժամկետային զինծառայողների դրամային բավարարման չափը։
Փաստ 9.
Պահուստային ֆոնդից 5,7 մլրդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար: Վարչապետը նշեց, որ մարզերում բնակվող շահառուների նկատմամբ պետության ունեցած բնակարանային պարտավորություններն ամբողջությամբ կկատարվեն, իսկ Երևանում բնակվող շահառուների նկատմամբ պարտավորությունները կկատարվեն մասամբ։
Փաստ 10.
Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը, այսինքն՝ փոխարինվել են պայմանագրայիններով: Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը: