Եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, նշանակում է՝ կիսապատերազմական վիճակում ենք. Փաշինյան
Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։ Այս մասին այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որքանո՞վ է իրատեսական համարում պատերազմի վերսկսումը:
«Եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակում ենք։ Ընդհանուր առմամբ, այո, վերջին երկու ամսվա ընթացքում որոշ օրերի լարում է նկատվում, բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ՝ կայունությունը և հանդարտությունը, որ կար, պահպանվում է»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաղորդակցության ուղիներ են հաստատված իր և Ադրբեջանի նախագահի միջև, հիմա այս շրջանում ինքը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում:
«Մենք ինֆորմացիաներ, մտահոգություններ ենք փոխանակում, իհարկե այդտեղ կան փոխադարձ մեղադրանքներ, հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ՝ ինչ է կատարվում և ինչու է կատարվում։ Եվ ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ընդգծեց նա։
Դիտարկմանը, թե որոշ վերլուծաբաններ, փորձագետներ կարծիք են հայտնում, որ Ադրբեջանը մտադիր է վերսկսել մարտական գործողությունները, Նիկոլ Փաշինյանը նորից նշեց, որ վերջին 25 տարում Ադրբեջանը ինտենսիվ նախապատրաստվում է ռազմական գործողությունների։
«Դա կա, և ոչ մի բան այդ առումով չի փոխվել, քանի դեռ հարցը կարգավորված չէ, չի փոխվելու։ Սա նշանակոմ է, որ այդ ինֆորմացիան բոլորս՝ ես, ՀՀ պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը ի գիտություն ենք ընդունում»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Վիեննայի հայտարարությանը բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան, իսկ այնտեղ արձանագրել են, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և ամրապնդվի. «Հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, ինչու է տեղի ունենում։ Արդյոք կողմերից որևէ մեկը տվել է հրաման ապակայունացնել իրավիճակը, եթե ոչ՝ ինչու է ապակայունանում իրավիճակը։ Չնայած ես չէի անվանի դա ապակայունացում, որոշ օրերի որոշակի միջադեպեր են արձանագրվում։ Ադրբեջանական կողմը նույնպես որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ որոշակի մտահոգություններ կան, դեպքեր են արձանագրվում, ես ասում եմ՝ փոխադարձ մեղադրանքներ կան, հիմա մենք աշխատանքային կարգով պետք է փորձենք հասկանալ, այդ թվում՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով մենք այդ կոմունիկացիաները փորձում ենք ապահովել և արդյունքում կանենք մեր եզրակացությունները»։
Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիր
«Դա ԵՄ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններն են: Իհարկե, առնչություն ունի մեզ հետ, բայց ուղիղ առնչություն չունի, և ես ԵՄ-ի իմ գործընկերների հետ ուղիղ շփումներում նաև ասել եմ, որ ճիշտ կլինի, որ բանակցային գործընթացները, տարածարջանային իրավիճակների շուրջ որդեգրված սկզբունքները չաղավաղվեն, չայլակերպվեն տարբեր իրավիճակներում: Միջազգայնորեն ճանաչված սկզբունքների շրջանակը հստակ պահպանվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը
Հարցին՝ եվրոպական կողմից վստահեցումներ եղել են, որ սկզբունքները չեն աղավաղվի, նա պատասխանեց, որ ԵՄ պաշտոնյաները չեն բացահայտում իրենց բանակցությունների մանրամասները, ինչպես հայական կողմն ուրիշների առջև չի բացահայտում իր բանակցությունների տեքստերը:
«Ես հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կլինի, պրոբլեմ չի լինի։ Եթե այլ կերպ լինի, չի հասկացվի»,- ասաց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացել է. վարչապետ (լրացված)
- Փաշինյանը՝ Արցախի նախկին ու ներկա նախագահների նամակի մասին
- Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ԱԱԾ-ն կարող է «գործ սարքել» Սանասարյանի վրա
- Վարչապետը ներկայացնում է 100 փաստ Նոր Հայաստանի մասին