Ռոբերտ Քոչարյան. «Ես կմիանամ նոր առաջնորդների դեմ պայքարին»
Հայաստանի կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters-ին ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը միավորվում են՝ նախկին խորհրդային պետության նոր ղեկավարությանը շուտով մարտահրավեր նետելու համար, և հույս է հայտնել, որ ինքն էլ կլինի նրանց մեջ: Այս մասին գրում է Reuters-ը։
Գործակալությունը ներկայացնում է, որ 1998-2008թթ.-ին ՀՀ նախագահ Քոչարյանը ձերբակալվել է անցյալ տարի և մեղադրվում է 2008թ.-ի մարտին, ընտրություններից հետո, ապօրինի գործելու ու արտակարգ դրություն մտցնելու մեջ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել:
64-ամյա նախկին նախագահը ձերբակալվել է հուլիսին, երբ խաղաղ ցույցերի արդյունքում իր նախկին դաշնակից և իրավահաջորդ Սերժ Սարգսյանը հեռացվեց իշխանությունից և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը անցած տարվա մայիսին դարձավ վարչապետ:
Reuters-ը գրել է, որ քննադատները Քոչարյանին և նրա նախկին դաշնակիցներին մեղադրել են Հայաստանում՝ Ռուսաստանի օգնությունից ու ներդրումներից մեծապես կախված երկրում, իրենց իշխանության ժամանակ ժողովրդավարության ճնշման, կոռուպցիայի ու չարաշահումների մեջ։ Նրանք հերքել են այդ մեղադրանքները:
«Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից գրավոր Reuters-ին ասել է, որ իր նկատմամբ մեղադրանքները քաղաքական մոտիվացիա ունեն ու մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ իրեն բանտում պահելու համար օրենքն ընտրողաբար կիրառելու մեջ»,-գրում է Reuters-ը։
Փաշինյանն ուժեղացրեց իր հեղինակությունն Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական դաշինքի հաղթանակով. «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների 70,4 տոկոսը։
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանում նոր քաղաքական գործիչներ ու ընդդիմադիր կուսակցություններ են երևան գալիս։
«Այս գործընթացը, անշուշտ, կհանգեցնի հզոր քաղաքական ուժի ստեղծման, որը շատ շուտով կկարողանա իշխանություններին մարտահրավեր նետել», - ասել է Քոչարյանը՝ այս շաբաթվա սկզբին Reuters-ի ուղարկած հարցերի գրավոր պատասխաններում։
Հարցին, թե արդյո՞ք անձամբ ներգրավվելու է ձևավորվող ընդդիմության մեջ, նա պատասխանել է «Այո, իհարկե», սակայն չի մանրամասնել, թե ինչ ձևով այդ ներգրավվածությունը կարող է լինել։
Ետ նայելով անցյալ տարի տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներին, որոնք հանգեցրին Հարավային Կովկասի՝ 3 մլն բնակչություն ունեցող երկրում իշխանության փոփոխությանը, Քոչարյանը նշել է, որ դրանց պատճառը «հասարակության մեջ կուտակված դժգոհությունն ու փոփոխության ցանկությունն էր», բայց այն հեղափոխություն չէր:
«Ես այն չեմ անվանի հեղափոխություն, քանի որ երկրում հիմնականում ոչինչ չի փոխվել, բացի հասարակության մեջ ագրեսիայի մեծ չափաբաժնի հայտնվելուց, ղեկավարության պոպուլիզմից ու դիլետանտիզմից», - ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան Reuters-ի հարցի:
Քոչարյանը նաև պաշտպանել է 2008 թ. բողոքի ակցիաների ժամանակ իր կայացրած որոշումները:
«Կարգուկանոնը վերականգնվեց միայն արտակարգ իրավիճակի հայտարարումից հետո և դրա շնորհիվ։ Դա չանելը չնշանակեր երկրի ղեկավարի կողմից պաշտոնապես անգործություն»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը Reuters-ին:
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քաղբանտարկյալ է
- Փաստաբան. Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման
- Արամ Օրբելյան. Չի բացառվում ՄԻԵԴ դիմենք Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար
- «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան