Այս պահին գազի գինը տարբեր գազալցակայաններում թանկացել է 10-20 տոկոսով. ԼՀԿ պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ավտոգազալցակայաններում գազի գնի բարձրացումից հետաքրքրվեց։
«Անցած ամիս վավերացվեց օրենքի նախագիծ, ըստ որի մայիսի մեկից մեքենաների լիցքավորված գազը պետք է հաշվարկվեր կիլոգրամով։ Այս ամբիոնից տրվեցին հստակ պատասխաններ, որ վերջնական սպառողի համար գազի գնի փոփոխություն չի լինի, և միայն հաշվարկի փոփոխություն է, և մենք կողմ քվեարկեցինք, բայց այս պահին գազի գինը տարբեր գազալցակայաններում թանկացել է 10-20 տոկոսով։ Ստացվում է, որ կառավարության ներկայացուցիչներն այս ամբիոնից ապատեղեկատվություն տվեցին կամ էլ չեն տիրապետել իրավիճակին։ Պարզաբանեք՝ ինչո՞ւ թանկացավ, նաև բենզինը 30 դրամով այս քանի օրը թանկացել է»,- հարցրեց պատգամավորը։
Փաշինյանը հայտնեց, որ վերջին օրերերն այդ թեմայով խոսակցություն է ունեցել թե ՊԵԿ-ի, թե Շուկայի վերահսկողության տեսչության ղեկավարի հետ. «Նրանք հավաստիացրել են, որ բոլոր հաշվարկները ճիշտ են, և որ 70 տոկոս գազալցակայաններում խնդիր չկա, կա 30 տոկոսում։ Հանձնարարել եմ այդտեղ ավելի խորը ուսումնասիրել՝ տեսնելու թե ինչն է խնդիրը։ Ինձ խոստացել են, որ մեկ շաբաթվա մեջ նաև մարզերում են շրջայցեր կատարելու, հարցը կուսումնասիրեն և վերջնական եզրակացության կգան։ Հարցի քննարկման ժամանակ ասում էինք, որ նախկին համակարգը մանիպուլյացիաների տեղիք էր տալիս»։
Նա նաև հավելեց, որ 10 մլրդ դրամի ՊԵԿ-ը գազալցակայաններին ակտ ունի գրած, որը վիճարկվում է դատարաններում։
Հարակից հրապարակումներ`
- Սեղմված գազը կվաճառվի կիլոգրամով, քաղաքացին էլ իր օրը կունենա. նախագծերն ընդունվեցին
- Սեղմված գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծն ընդունվեց