Տուրքը բարձրանում է, թող էլեկտրամոբիլ ներկրեն. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում մաքսատուրքերի բարձրացմանը, այդ թվում՝ երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերին, նախ նշեց, որ 2018 թվականի օգոստոս-սեպտեմբերին գնաճի հետ կապված տրամադրություններ կային, սակայն սեպտեմբերից հետո Հայաստանում գնաճային ցածր ֆոն է եղել:
Այնուհետև վարչապետը հիշեցրեց, որ 2020 թվականին էլեկտրամոբիլների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից։
«Նախ՝ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում դա շատ բարդ հարց է, որոշումն արդեն կայացվել է, տուրքը պետք է բարձրանա, բայց գլոբալ առումով պետք է պատասխանենք հարցին՝ մենք մեր երկիրը պատկերացնում ենք որպես հին մեքենաների գերեզմանո՞ց, թե՞ մի երկիր, որտեղ ի հայտ են գալիս էլեկտրամոբիլներ, էլեկտրական ավտոբուսներ և այլն: Ասում ենք՝ տեխնոլոգիանկան երկիր ենք ուզում ունենալ, ընդդիմությունն ասում է՝ եկեք թոշակները շարունակենք թուղթ ու գրիչով տալ։ Մենք պետք է առաջ գնանք: Տուրքը բարձրանում է, թող էլեկտրամոբիլ ներկրեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց՝ այսօր այնքան մեքենա է ներկրվում Հայաստան, որ 7-8 տարի պետք է, որպեսզի դրանք վաճառվեն. «Հայաստանում այսօր մեքենաների աննախադեպ ծավալներ կան։ Մեքենա է, որ ներկրվում է»։
Դիտարկմանը՝ մաքսատուրքերի բարձրացումից բյուջեն չի՞ տուժի, Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, բյուջեն դրանից չի տուժի, մեր բյուջեի հետ ամեն ինչ նորմալ է»: