Վարչապետ. Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանում այլևս երբեք իշխանություն չի լինելու
«Ռոբերտ Քոչարյանն ում է ուզում միանա, թող միանա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է միանալ նոր իշխանությունների դեմ պայքարին, այս օրերին Արցախում ՀՅԴ-ի կազմակերպած ֆորումի և այս հայտարարության միջև կապ տեսնո՞ւմ եք։
«Կապ կա, չկա, ես չգիտեմ, պետք է նայեմ, որ տեսնեմ, կամ չտեսնեմ։ Կապ կա, թե չկա, դա ոչ մի բան չի փոխում։ Մարդիկ կան, որ չեն հասկանում՝ Հայաստանում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ուրիշ մարդիկ, նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանում այլևս երբեք իշխանություն չի լինելու, երբեք։ Չի լինելու նաև ընդդիմություն 90 և ավելի տոկոս հավանականությամբ»,- նշեց նա։
Վարչապետի խոսքով, «Հանրապետական» կուսակցությունը կասեցված է, նույնիսկ փակված է ժողովրդի կողմից, իսկ ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է, հարգանքով է վերաբերում։
«Ո՞ւմ դեմ են պայքարելու։ Իշխանությունը ժողովուրդն է։ Ես չգիտեմ ՝ իշխանության համար ով է պայքարելու, ես իմ իշխանությունը պահպանելու համար չեմ պայքարելու։ Ով ում դեմ ուզում է պայքարի։ Ժողովուրդը որոշել է, որ ես վարչապետ եմ, վարչապետ եմ, ժողովուրդը կորոշի, որ ես վարչապետ չեմ, ես վարչապետ չեմ»,- ասաց կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին
«Ձեր կարծիքով ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ։ Ինքն էլ է Հայաստանում, ես էլ եմ Հայաստանում, ինքն էլ է Երևանում, ես էլ եմ Երևանում, դրանից ի՞նչ։ Եղել է ժամանակ, որ ինքն էլ էր կառավարական դաչայում, ես էլ։ Դրանից ի՞նչ»,- ասաց վարչապետ Ն. Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե վաղը մեկնելու եք Արցախ, որտեղ լինելու է նաև ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արդյո՞ք հարցեր կուղղեք նրանք։
Ն. Փաշինյանը նշեց, որ երբ իրեն պետք լինի խոսել Սերժ Սարգսյանի հետ, կխոսի։
«Ես կորոշեմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ, թե չէ, Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե չէ, բայց ես կարող եմ որոշել իր հետ հանդիպեմ, թե չէ։ Եթե հանդիպելու անհրաժեշտություն լինի, կհանդիպեմ, ժողովրդին դրա մասին տեղյակ կպահեմ»,- ասաց նա։
ՀՀԿ-ի իշխանության շրջանը «Հերոսիմա է եղել»
ՀՀԿ-ի իշխանության շրջանը «Հերոսիմա է եղել» ոչ միայն ճանապարհների, այլև՝ մյուս ոլորտներում։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի ճանապարհները երբ կբարեկարգվեն, երբ 21-րդ դարին համահունչ ավտոճանապարհներ կունենանք։
Վարչապետը հայտնեց, որ մայիսի 15-ից հանրապետությունում մեկնարկելու են լայնամասշտաբ ճանապարհաշինական աշխատանքներ: Նրա խոսքով՝ ինքն անընդհատ շտապեցրել է, որ օր առաջ այդ աշխատանքները սկսեն, սակայն հայտնել են, որ կան որոշակի չափանիշներ և պետք է դրանց համապատասխան իրականացվեն։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բացի պետբյուջեով նախատեսվածից՝ հավելյալ 7 մլրդ դրամ կհատկացվի, որպեսզի ճանապարհաշինարարությունն իրականանա:
«Այն, որ Հայաստանում ճանապարհների մակարդակը կատաստրոֆիկ է, դրա մասին որևէ խոսք չկա։ Եւ մենք պետք է շատ արագ՝ մոտավորապես չորս տարում ամբողջ հանրապետությունը բերենք նորմալ վիճակի»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, նշանակում է՝ կիսապատերազմական վիճակում ենք. Փաշինյան
- Ռոբերտ Քոչարյան. «Ես կմիանամ նոր առաջնորդների դեմ պայքարին»
- Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացել է. վարչապետ (լրացված)
- Փաշինյանը՝ Արցախի նախկին ու ներկա նախագահների նամակի մասին
- Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ԱԱԾ-ն կարող է «գործ սարքել» Սանասարյանի վրա
- Վարչապետը ներկայացնում է 100 փաստ Նոր Հայաստանի մասին
- Դավիթ Շահնազարյան. Այն խաղաղությունը, որը մեզ պետք է, նվաճվում է
- Վիկտոր Սողոմոնյան. Արցախյան ազատամարտի ու դրա արդյունքների արժևորման կարիքն այսօր զգացվում է