ՀՀ նախագահ. Այսօ՛ր ստեղծենք վաղվա նվաճումների ամուր հիմքերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին դառնում են հայրենիքի պաշտպան:
Շնորհավորում եմ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ֆաշիզմի դեմ պայքարին, այնուհետև Արցախի պաշտպանությանը:
Խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են ժողովուրդների ու պետությունների համար: Շուրջ 75 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում նաև մեր 600 հազար հայրենակիցների ջանքերով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը խաղաղություն բերեց աշխարհին: Իսկ 27 տարի առաջ պատմական Շուշիի ազատագրումով մենք կարողացանք հաղթականորեն բեկել արցախյան պատերազմի ընթացքը:
Մեր հազարավոր հայրենակիցներ են զոհվել հաղթանակներ կերտելու և խաղաղություն հաստատելու ճանապարհին:
Խոնարհվում ենք նրանց անմար հիշատակի առաջ:
Հարգելի հայրենակիցներ,
Մենք չպետք է գոհանանք միայն անցյալի ձեռքբերումներն արձանագրելով: Պետք է հաղթանակենք նաև ներկայում և բոլոր ոլորտներում,այսօ՛ր ստեղծենք վաղվա նվաճումների ամուր հիմքերը: Այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ունենանք մտքի հաղթանակներ՝ գաղափարներ առաջարկենք և դրանք կյանքի կոչենք բանակում ու քաղաքացիական կյանքում, սահմանին և թիկունքում, աշխատանքում ու տնտեսության մեջ, մշակույթում և գիտության մեջ:
Արցախյան պատերազմում և նրա փառապսակ հանդիսացող Շուշիի ազատագրման ժամանակ հաղթեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր միասնական ուժը, հայի ուժը: Պետք է ամեն ջանք գործադրենք, որ մեր միասնականությունը միշտ անխախտ լինի, որպեսզի մեր հաղթանակները շարունակական լինեն, որպեսզի անխախտ լինի խաղաղությունը Հայաստանում ու Արցախում:
Կրկին շնորհավորում եմ մայիսյան տոների առթիվ, մաղթում եմ բոլորիս նոր հաղթանակներ, իսկ մեր երկրին ու ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան