Մայիսի 9. Հաղթանակի օրը
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն իր նորանկախ պետության առաջին հաղթանակները՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, այլ նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տարեդարձը։
Հաղթանակի տոնը նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին։
Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939 թ-ի սեպտեմբերի 1- 1945 թ-ի սեպտեմբերի 2) իր չափերով ու պատճառած վնասներով աննախադեպ է մարդկության պատմության մեջ: Սանձազերծել են 20-րդ դարի 30-40-ական թվականների առավել ագրեսիվ տերությունները՝ Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա: Ավարտվել է նրանց պարտությամբ:
Գլխավոր նկարը՝ TASS գործակալության, հեղինակ՝ Եվգենի Խալդեյ:
Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ. նրանց 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն կմ2 տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 50 միլիոն և հաշմանդամ դարձել 95 միլիոն մարդ: Հայրենական մեծ պատերազմը պատմության մեջ եղած պատերազմներից ամենածանրն էր․ պատերազմում զոհվել է ավելի քան 20 մլն խորհրդային քաղաքացի (Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը), ավերվել հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու ավաններ։ Նյութական վնասը կազմել է 2569 մլրդ ռուբլի։
Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը:
Պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։
Փառավոր մարտական ուղի անցան 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան, 76-րդ լեռնահրաձգային (51-րդ գվարդիական), 408-րդ, 409-րդ, 390-րդ դիվիզիաները։ Հայկական դիվիզիաները մասնակցեցին Կովկասի, Ղրիմի պաշտպանության, խորհրդային երկրի և Արևելյան Եվրոպայի բազում ժողովուրդների ազատագրման մարտերին։ 89-րդ Հայկական դիվիզիան իր մարտական ուղին ավարտեց Բեռլինում, 409-րդը՝ Չեխոսլովակիայում։ Գերմանա-խորհրդային պատերազմի բոլոր հիմնական ճակատամարտերում՝ Մոսկվայի և Լենինգրադի, Օդեսայի և Սևաստոպոլի, Կովկասի պաշտպանության, Վոլգայի և Կուրսկի աղեղի, պատերազմի ավարտական և Հեռավոր Արևելքում ճապոնական իմպերիալիստների դեմ մղված մարտերում ակտիվ մասնակցություն ունեցան հայ ժողովրդի զավակները։
Պատերազմին մասնակցած հայերից 66 հազար 802-ը ստացել են պարգևներ։ 107 հայորդի արժանացել է ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հ. Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, մնացած հայ մարտիկներն ու հրամանատարները պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով: 63 հայ գեներալ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարն էր: Հայ զորահրամանատարներից 4-ն արժանացել են մարշալի կոչման` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան):
Խոշոր զորամիավորումները ղեկավարում էին նաև գեներալներ Միքայել Պարսեղովը, Սերգեյ Գալաջևը, Սարգիս Մարտիրոսյանը, Իվան Վեքիլովը, Հայկ Մարտիրոսյանը, Նվեր Սաֆարյանը, Սերգեյ Կարապետյանը, Հայկ Թումանյանը, Բագրատ Առուշանյանը և ուրիշներ։
Հարակից հրապարակումներ`
- Պատառիկներ պապիս հուշերից
- Զինվորի նամակ. «Գալիս ենք, մայրիկ»
- Հույսի ու հավատի սպասումով` զինվորի օրագիրը ռազմի դաշտից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան