Անկեղծորեն պատասխանում եմ՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել. Արթուր Դավթյան
«ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց. «Հաշվի առնելով, որ տասնյակ տոկոսներով աճել են հանցագործությունների հետ կապված դատախազության գործողությունները, տրամաբանական հարց է առաջանում, ինչի՞ հետ է կապված դատախազության առավել նոր թափով աշխատանքները, արդյո՞ք տեղին է ենթադրել, որ նախկինում կաշկանդված են եղել՝ որոշակի ոլորտներում գործողություններ կատարելու»։
Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Անկեղծորեն պատասխանում եմ՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել։ Հիմա, այո, շատ տրամաբանական հարց է առաջանում՝ 10, 15, երբեմն բազմապատիկներով ցուցանիշների աճը ինչո՞վ է բացատրվում․ դա պարզ երկու պատճառ ունի։ Առաջինը՝ մեր քաղաքացիների ընդգծված նախաձեռնողականություններն են եղել, 3,6 անգամ ավելացել են քաղաքացիների հաղորդումները՝ հատկապես կոռուպցիոն բնույթի հաղորդումների հետ կապված։ Երկրորդ կարևոր պատճառն այն է, որ գործադիր իշխանության մարմինները ևս աչքի են ընկել ընդգծված նախաձեռնությամբ։ Զուտ մաքուր դատախազական գործառույթների տիրույթից 2018թվականին պետությանը պատճառված 84 մլրդ դրամ վնասից 32 մլրդը դատախազության գործառույթներում հարուցված քրեական գործերի արդյունքում են»։
Գլխավոր դատախազի խոսքով՝ այդ գործերի ճնշող մեծամասնությունը գործադիրի նախաձեռնությամբ ներքին ստուգողական հայտնաբերված խախտումներն են, որոնք դատախազություն են ուղարկվել, և քրեական գործեր են հարուցվել։
Նույն խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն էլ հարցրեց, թե դատախազական համակարգում կոռուպցիա կա՞, թե՞ չկա։
«2018 թ-ի հաղորդման մեջ նշվել է, որ 1988 նյութ է նախապատրաստվել կոռուպցիոն հանցագործությունների գծով, որը 4 անգամ ավելի է, քան նախորդ տարին: Դրանցից 1467-ի գծով հարուցվել է քրեական գործ, որոնց շրջանակներում 960 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնց 470-ը եղել են պաշտոնատար անձ։ Կցանկանայի իմանալ, դրանցից քանի՞սն են ներկայացնում դատախազական համակարգը»,-հետաքրքրվեց պատգամավորը։
Դատախազը պատասխանեց, որ 2018-ին քրեական հետապնդման ենթարկված գործող դատախազ չի եղել, 17-ին՝ քրեական հետապնդման է ենթարկվել 1 դատախազ։
«Վերահսկողական այնպիսի առարկայական ընթացակարգեր են սահմանել, որպեսզի հնարավոր լինի վերադաս դատախազների կողմից ևս վերահսկել ստորադաս դատարանների կողմից կայացրած ակտերը և հնարավոր կողմնակալ մոտեցումները ժամ առաջ բացահայտել։ Այստեղ պակաս չեմ կարևորի այդ ուղղությամբ ձեռնարկված բարոյական քայլերը, կարևորը բարոյական մթնոլորտի ձևավորումն է, որպեսզի ունենանք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ։ Թող անհամեստություն չլինի՝ համակարգում մեզ հաջողվել է ձևավորել այդ մթնոլորտը»,- ասաց Դավթյանը։
Պատգամավորն արձագանքեցին, թե այլևս սրբե՞ր են դատախազները, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ մարդիկ երկու տեսակ են լինում՝ սրբեր ու կոռուպցիոներներ: Սրբեր, ամեն դեպքում, երկրի վրա հայտնի չեն, այդ թվում նաև դատախազներ, բայց հանրային գիտակցության մասով ես՝ որպես գլխավոր դատախազ, պաշտոնապես այստեղից ասում եմ՝ դա բացառված է այսօրվա դատախազական համակարգում, առաջինն ասում եմ իմ կենցաղով, իմ ամենօրյա օրինակով»։
Հարակից հրապարակումներ`
- Ուսումնասիրում է փակված, այնուհետև սեփականշնորհված մանկապարտեզների մասին հրապարակումները. Ա. Դավթյան