Ավստրիայում Սորոսի հիմնադրամի արգելման մասին տեղեկությունը կեղծ է
Նախօրեին հայկական մի շարք լրատվամիջոցներում ու նաև սոցիալական ցանցերում տարածվեց տեղեկություն՝ «Ավստրիան 28 օր ժամանակ է տվել Սորոսի «Բաց Հասարակությունների» հիմնադրամին փակվելու համար» վերնագրերով։ Նյութերում հղումները կամ ռուսական աղբյուրներն էին կամ տեղեկության «սկզբնաղբուր» համարվող «YourNewsWire» կայքը։
Այս տեղեկությունը, ինչպես պարզել է Panorama.am-ը, 2017թ.-ի հոկտեմբերի 19-ին հրապարակել է YourNewsWire.com կայքը, որն այսօր ներկայանում է արդեն այլ անունով՝ newspunch.com։
Հոդվածը, որն այսօր այլևս հասանելի չէ, ամբողջովին հորինված է եղել։ YourNewsWire կայքը հայտնի է ապատեղեկատվության տարածմամբ։
Հոդվածը հրապարկվել էր այն ժամանակ, երբ Ավստրիայում նոր կանցլեր էր դարձել Սեբաստիան Կուրցը, սակայն դեռևս չէր էլ ստանձնել կանցլերի պարտականությունները։ Հոդվածում ասվում էր, թե «Աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն արգելում է Ջորջ Սորոսի հիմնադրամի գործունեությունն Ավստրիայում», իբր, ի պատասխան Սորոսի կողմից իր հիմնադրամին 18 միլիարդ ԱՄՆ դոլարի փոխանցման: Նշվում էր, թե Կուրցը 28 օր ժամանակ էր տվել՝ Ավստրիայում հիմնադրամի գործունեությունը դադարեցնելու համար։
Բացի այն, որ Սեբաստիան Կուրցը Ավստրիայի Կանցլերն է ու երիտասարդ, նյութում այլ ճշմարիտ տեղեկություն չի եղել, գրել է Politifact-ը։ Այդ ժամանակ «Բաց հասարակությունների հիմնադրամները» անգամ գրասենյակ չի ունեցել Ավստրիայում և չի եղել ոչինչ փակելու։
Դեռևս 2017թ.-ին այս տեղեկությունը հերքվել էր, սակայն այդ ժամանակ տարածվել էր ռուսական լրատվամիջոցներում։ Իսկ թե ինչպես 2017թ.-ի «ֆեյք-նյուզը» երեկ հայտնվեց հայկական մեդիադաշտում, պարզ չէ։
Իսկ ինչ վերաբերում է Ավստրիայում Ջորջ Սորոսի հիմնադրամի գործունեությանը, ապա այն ներկայումս արդեն գրասենյակ ունի Վիեննայում։ Ավստրիայի կանցլեր Կուրցն էլ 2018թ.-ի նոյեմբերին հանդիպել էր Ջորջ Սորոսին ու քննարկել Կենտրոնական եվրոպական համալսարանը Բուդապեշտից Վիեննա տեղափոխելու հարցը, որտեղ, հնարավոր է, մեկնարկի 2019-2020 ուսումնական տարին։
Կենտրոնական եվրոպական համալսարանը հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը գտնվում է Բուդապեշտում, սակայն Հունգաիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ընդունեց «Stop Soros» օրենքը 2018թ.-ի սկզբին ու մեղադրում է Սորոսին «անօրինական միգրացիան» խրախուսելու մեջ։ Օրբանը հայտարարել էր, որ համալսարանը գործել է առանց ամբողջական իրավական համապատասխանության։
Համալսարանը Բուդապեշտում հիմնադրվել է 1991 թ.-ին՝ Ջորջ Սորոսի ֆոնդի 880 մլն ԱՄՆ դոլար նվիրատվությամբ՝ այդպիսով ԿԵՀ-ը դարձնելով աշխարհի ամենահարուստ համալսարաններից մեկը։ Կենտրոնական եվրոպական համալսարանն ունի 2 դպրոց՝ Պետական քաղաքականության դպրոցը (School of Public Policy) և ԿԵՀ բիզնես դպրոցը (CEU Business School), 13 ամբիոններ ու 17 գիտահետազոտական կենտրոններ։
Հարակից հրապարակումներ`
- Հակասորոսյան ակցիա՝ Մարզահամերգային համալիրի հարևանությամբ
- Սորոս vs Քոչարյան
- Քանի Սորոսից խոսք գնաց, մի երկու բան էլ ես ասեմ.
- Ո՞վ է Ջորջ Սորոսն ու ինչո՞ւ նրան չեն սիրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան