Նախկինում տնտեսվարողները հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով սեղմված գազի գինը ցածր պահել. Կոտոլյան
Հայաստանի գազալցակայաններում սեղմված գազի 1 կգ-ը վաճառվում է 250-310 դրամի սահմանում։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը` ներկայացնելով գազի շուկայում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
ՇՎՏՄ-ի ղեկավարի խոսքով՝ նախկինում խմ-ի դեպքում, երբ գազը վաճառվում էր 200 դրամով, կիլոգրամի փոփոխության դեպքում պետք է այն վաճառվեր 272 դրամով, սակայն այսօր որոշ տնտեսվարողներ գազի գինը թանկացրել են` հասցնելով մինչև 310 դրամի:
Արմեն Կոտոլյանն ասաց, որ այս հարցով դիմել է ՊԵԿ-ին, որտեղից իրեն պարզաբանել են, որ նախկինում տնտեսվարողները հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով գինը ցածր պահել, այսինքն՝ գինը գրված է եղել 200 դրամ, բայց իրական գինը կազմել է 222 դրամ։ «Այսինքն` թերլիցքավորման շնորհիվ նրանք հնարավորություն են ունեցել ցածր գին ներկայացնել: Այսօր տնտեսվարողներն այդ հնարավորությունը չունեն և ստիպված գինը բարձրացրել են»,- նշեց նա:
Վարչապետի հարցին՝ արդյոք գազալցակայանների սեփականատերերն ընդունում են, որ նախկինում խաբել են վարորդներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը դրական պատասխան տվեց:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ բենզինի շուկայում ուսումնասիրությունն են սկսել: Ըստ նրա՝ եթե տեսնեն, որ չհիմնավորված գնի բարձրացում կա, այսինքն՝ կան հակամրցակցային համաձայնություններ, համապատասխան քայլեր կձեռնարկվեն:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գազի և բենզինի ոլորտներում քաղաքական առնչություն ունեցող մարդիկ կան, նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ:
«Ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի ինչ-որ քաղաքական շահարկումների առիթ տան: Մենք սրանով պետք է շատ լուրջ զբաղվենք: Շատ դեպքերում մենք գուցե դանդաղ ենք աշխատում, հանրությունը մեզ մեղադրում է, և ոմանք առիթավորվում են ուղղակի: Այսպիսի բան պետք է թույլ չտալ: Շատ դեպքերում հնարավոր է մեղմ ենք վարվում մարդկանց հետ, իրենց էլ թվում է, թե այն անեկդոտի պես, թե կատակ են անում, հետ եկեք: Չէ, կատակ չենք անում»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը Շուկայի վերահսկողական տեսչական մարմնին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարեց զբաղվել խնդրով:
Հարակից հրապարակումներ`
- Սեղմված գազը կվաճառվի կիլոգրամով, քաղաքացին էլ իր օրը կունենա. նախագծերն ընդունվեցին
- Սեղմված գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծն ընդունվեց
- Հոնքն ուղղելու փոխարեն հանեցին աչքը. Պիպոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին