Մենք պետք է առավել արդյունավետ դարձնենք մեր գործունեությունը. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության գործունեության մեկ տարվան և շնորհակալություն հայտնեց գործադիրի անդամներին համատեղ աշխատանքի համար:
«Իհարկե, այս ընթացքում կառավարության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, և ում հետ աշխատել ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց մայիսի 8-ին իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով կազմակերպած մամուլի ասուլիսը՝ նշելով, որ այդ ժամանակ հրապարակել է 100 փաստ նոր Հայաստանի մասին:
«Այդ փաստաթուղթը շատ կարևորում եմ, որովհետև դա կոնկրետ ցույց է տալիս, թե ինչ ենք մենք արել: Ըստ էության, դրանով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանվել, ու մենք հենց այսպիսի ձևաչափ պետք է կիրառենք և որդեգրենք: Ես ուզում եմ մեզ համար որպես խնդիր ձևակերենք, որ իմ տարեվերջյան ասուլիսում պետք է բոլորս միասին ունենանք ևս 100 փաստ նոր Հայաստանի մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ ակնկալում է՝ բոլոր նախարարները հենց այս չափանիշով աշխատեն:
«Մենք պետք է ժամանակ առ ժամանակ անդրադարձ կատարենք մեր կատարած աշխատանքի արդյունքում արձանագրված այն փաստերին, որոնք Հայաստանում կոնկրետ բան են փոխում: Մենք ոչ թե կսպասենք մինչև դեկտեմբեր, այլ փաստերի հավաքագրումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը, և ըստ այդմ՝ ես կգնահատեմ կառավարության անդամների աշխատանքը», ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մեկ տարին շատ կարևոր շրջան էր:
«Այս ընթացքում տեղի են ունեցել բուռն քաղաքական իրադարձություններ: 2018թ-ին վարչապետի 5 ընտրություն է տեղի ունեցել, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն է տեղի ունեցել, հանրապետության խոշոր քաղաքներում տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, տեղի են ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, և մեր կառավարությունը ձևավորվել է այդ ընտրությունների արդյունքում: Առաջիկա մեկ տարվա ընթացքում ակնկալում եմ, որ մեր աշխատանքի և արդյունավետության տեմպն ավելի բարձր կլինի»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ԱԺ-ն ընդունել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքը, և առաջիկայում այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչեն, բայց այդ գործընթացն, ըստ նրա, որևէ կերպ չպետք է նվազեցնի աշխատանքի տեմպը: «Մենք պետք է առավել արդյունավետ դարձնենք մեր գործունեությունը»,- ընդգծեց նա:
Վարչապետը հայտնեց, որ առաջիկայում կառավարության ամենակարևոր խնդիրը բյուջեի ծախսային մասին բնականոն ընթացքի կազմակերպումն է: Ըստ նրա՝ պետք է կարողանան ոչ միայն լիարժեք ապահովել բյուջեով նախատեսված ծախսային մասը, այլև այն 62 մլրդ դրամը, որը հավելյալ գեներացվում է, որպես այս տարվա պետական բյուջեի եկամուտ, պետք է այդ միջոցներն արդյունավետ ծախսելու կոնկրետ եղանակներ գտնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում