Մեր խնդիրն է՝ վերելակները փոխարինենք, իսկ բնակիչները տարիների ընթացքում այդ գումարը վճարեն. քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանի բնակելի շենքերի վերելակների խնդրին, նշեց, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից սկսած ծրագիր են գրում, որ վերելակներն ամբողջությամբ փոխարինվեն:
«Սակայն այս հարցում մեզ հետ պետք է լինեն նաև բնակիչները»,- նկատեց նա:
Հայկ Մարությանի խոսքով՝ ծրագրի պատրաստ լինելուց հետո այն կներկայացնեն կառավարությանը, քանի որ քաղաքային իշխանությունները միայնակ չեն կարող այս հարցը լուծել:
«Սա տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում: Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին, մեր խնդիրն է, որ փոխարինենք վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենց է լինելու»,- նշեց Հայկ Մարությանը:
Նա նաև ասաց, որ բանակցություններ են տարվում վերելակ արտադրողների հետ:
Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն, թող վերելակների խնդիրը լուծեն, քաղաքապետն ասաց, որ բյուջեով պլանավորված ոչ մի լումա չի գնում աշխատավարձերի բարձրացմանը. «Տարիներ շարունակ բոլորն ասում են, որ պետական սեկտորի աշխատողները քիչ են աշխատավարձ ստանում։ Մենք 20 տոկոսով բարձրացրել ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը։ 10 տարի այդպիսի բան չի եղել, հիմա դրա համար մեզ պետք է քննադատե՞ն, թե՞ ողջունեն»:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Աջափնյակում՝ 16 թաղամասում բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը երկրորդ հարկից սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չէին ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները մնացել էին մամուլի շենքի խափանված վերելակում
- Վերելակում մնացած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է
- Վերելակում 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է
- Նոր մանրամասներ՝ վերելակում երեխայի մահվան դեպքից. «Ժողովուրդ»
- Չարենցավանցիները քննարկում են, թե ինչն է առաջնային` մանկապարտեզի ջեռուցման խնդիրը, թե վերելակներ տեղադրելը