Խիստ պատիժներ՝ կովկասյան ընձառյուծի որսի համար
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Մասնավորապես՝ վերջինս նպատակն է բարձրացնել Կարմիր գրքում գրանցված կրիտիկական վիճակում գտնվող կատվազգիների ընտանիքին պատկանող կովկասյան ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում պատճառված վնասի սակագինը։
Բնապահպանության նախարարությունը 2019 թ.-ը հայտարարել է կովկասյան ընձառյուծի պահպանության տարի՝ նպատակ ունենալով վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը:
Օրինագծերով հնարավորություն է ընձեռնվում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարների մի մասն ուղղորդել համապատասխան տարածքների՝ այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել լավ պահպանությանն ու վերականգնմանը: Փաթեթում ներառված մյուս օրինագծերով նախատեսվել են ավելի խիստ պատիժներ և պատասխանատվություններ՝ անտառային տարածքներում, ինչպես հատումներն արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար:
Բացի այդ, նախագծերի ընդունմամբ կստեղծվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ՝ ապահովելով էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարի քառաստիճան համակարգի կետերից յուրաքանչյուրի իրականացումը:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկել է հանդես գալ 3-5 տարով որսն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի շուրջ քննարկում է ծավալվել կառավարության նիստում:
Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Պետք է ուշադիր ուսումնասիրենք ոլորտը և բազմակողմանի նայենք խնդրին: Գիտեք՝ այսօր ամբողջ աշխարհում բնապահպանական հարցերն օրակարգի առաջին հորիզոնականներում են, եթե ոչ առաջինը: Հիմա մենք պետք է հասկանանք, որ այս առումով ունենք բացառիկ հարստություն, բայց, ցավոք, այդ բացառիկ հարստության մեծ մասը կամ առնվազն մի հսկա մասը գտնվում է ոչնչացման եզրին: Մենք պետք է կարողանանք մեր բոլորիս վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ փոխել»:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է բնապահպանության նախարարին՝ առաջարկը դարձնել մանրակրկիտ քննարկման առարկա և ներկայացնել խնդրի լուծման արդյունավետ լուծումներ: Նիկոլ Փաշինյանը համակարծիք է եղել բնապահպանության նախարարի հետ այն առումով, որ այստեղ մշակութաբանական, և ընդհանրապես, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի խնդիր կա:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան