«Իմ քայլը» խմբակցության գործընկերներին խորհուրդ եմ տալիս այսպիսի պաշտոնյաներին չծափահարել. Բաբաջանյան
«Ձեր օրը փչացնեմ էլի»,- Ազգային ժողովում «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթն այսպես սկսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Համոզվում եմ՝ թավիշը մեզանում շատ է, չափից շատ։ Համոզված է, որ եթե մարդն իր որակներով չէր համապատասխանում նախկին ռեժիմի կանոններին, ուրեմն կարող էր դուրս բերվել համակարգից և առաջընթացի հնարավորություն չունենալ։ Պարոն Դավթյան, Դուք կոռուպցիայի դեմ պայքարի մասին էիք խոսում, նույնիսկ հորդորում էիք պաշտոնյաներին ուշադիր լինել կոռուպցիոն դրսևորումներից անմասն մնալ, բայց արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ Գլխավոր դատախազության ՏՏ և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք Ձեր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին, կոռուպցիա չէ՞ այն իրողությունը, որ 2017-ին Լոռու մարզի դատախազ եք նշանակել Ձեր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին, արդյոք կոռուպցիա չէ՞, որ 2016-ին Շիրակի մարզի դատախազ եք նշանակել Ձեր սանիկին՝ Կարեն Գաբրիելյանին։ Կոռուպցիա չէ՞, որ Ձեր մտերիմ Սևակ Հովհաննիսյանին, որն Էրեբունի դատախազությունում էր աշխատում, Գլխավոր դատախազություն եք տեղափոխել և ընդամենը երկու տարվա աշխատանքային փորձով նշանակել եք Արարատի մարզի դատախազ։ Կոռուպցիա չէ՞ այն, որ որոշել եք անմիջապես փոխել դատախազական համազգեստը և պետությունից դրա համար պահանջել է 58 մլն դրամ։ Արդյոք կոռուպցիա չէ՞, որ գալով Դատախազություն, Դատախազության վերևի հարկի վրա նոր հարկ կառուցել տվեցիք և այդ հարկը պետության վրա արժեցել է 160 մլն դրամ և այդ հարկ եք տեղափոխել ձեր առանձնասենյակը և այսօր համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն 100 քմ տարածք եք զբաղեցնում այդ հարկում։ Արդյոք կոռուպցիա չէ՞, որ 14 մլն դրամ ծախսելով վերելակ եք կառուցել, որն ուղիղ գնում է Ձեր սենյակ»,- ելույթում հնչեցրեց Բաբաջանյանը։
Այնուհետև Բաբաջանյանը ցույց տվեց առանձնատան լուսանկար և նշեց. «Արդյոք կոռուպցիա չէ՞ Տարոն Մարգարյանի կողմից Ձեզ հատկացված հողատարածքն Աջափնյակ վարչական շրջանում, երկու տարվա ընթացքում Դուք կառուցել եք այ այսպիսի առանձնատուն, որն արժե մոտ 0.5 մլն ԱՄՆ դոլար։ Դուք, երբ Ձեր ուսումնառությունն ավարտում էիք 2000-ին, Հոռոմ գյուղում ունեիք մեկ հողատարածք և մի հատ էլ համեստ տուն։ Այս բոլորից հետո «Իմ քայլը» խմբակցության գործընկերներին խորհուրդ եմ տալիս նորմ սահմանել, և այսպիսի պաշտոնյաներին չծափահարել»։