Շուրջ 110 գործարարներ մասնակցել են Գեղարքունիքի ներդրումային գործարար համաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլք:
«Հարգելի հյուրեր,
հայաստանցի և օտարերկրացի դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
պետական այրեր,
ուրախ եմ համաժողովի կապակցությամբ, և ճիշտ արձանագրեց պարոն մարզպետը, որ Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճ: Դեռևս 1995-1996 թվականներին, երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց, իմ կարծիքով և կարծում եմ` շատերի կարծիքով, ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում: Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, և Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է` ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Կարծում եմ` Սևանա լիճը մեր նաև հիմնական և ամենամեծ զբոսաշրջային ներուժ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից:
Բայց նաև այսօր պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա շրջապատը, ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը` առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանա ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր հանրապետությունը: Կարծում եմ` հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի` որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար և որպես Հայաստանի Հանրապետության կարևոր սիմվոլներից մեկը:
Շատ կարևոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև բնապահպանությունը, Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին մեզ համար իսկապես առաջնահերթություն է: Սա մեզնից պահանջում է շատ երկարատև, քրտնաջան աշխատանք, և այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք»,-ելույթում ասել է վարչապետը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համաժողովին ցուցադրվել է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները և զարգացման տեսլականը» ֆիլմը, որին հաջորդել է «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով պանելային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ: Քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի արտադրության, ինչպես նաև այլ ճյուղերի զարգացման հեռանկարները:
Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում հաջող իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերի գաղափարները:
Համաժողովի շրջանակում բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում կկառուցվի տարածաշրջանում ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով
- Լապշինը Հայաստանում է ուսումնասիրելու Գեղարքունիքի գրավչությունն ու առավելությունները
- Կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում և նշանակություն տալիս գործարարների ակտիվությանը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում