«Մարտի 1»-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպանները այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել
Այսօր՝ մարտի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել գործով մյուս մեղադրյալների պաշտպանների հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք նրանք ծանուցում ստացել են նիստի վերաբերյալ և մասնակցելու են նիստին թե ոչ։
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ իրենք ծանուցում չեն ստացել և չեն մասնակցելու նիստին։
«Ըստ ՍԴ որոշման՝ դա առանձին հրավիրվող դատական նիստ է, և մեր ներկայությունը՝ որպես կողմ, պարտադիր չէ. եթե անձը գտնվում է կալանավորման մեջ, գործը դատարան ուղարկելուց հետո առանձին նիստով քննարկվում է այդ անձի կալանավորման մեջ լինելու հարցը, իհարկե, մյուս անձանց խափանման միջոցներին դատարանը ևս անդրադառնում է, բայց դա քննարկում է միանձնյա, ոչ թե նրանց մասնակցությամբ»,-ասել է Ալեքսանյանը։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կարծում է, որ իրենց ներկայությունը՝ որպես կողմ, պարտադիր է։
«Թեև մենք ծանուցում չենք ստացել, բայց ես կարծում եմ, որ մեր ներկայությունը պարտադիր է, դեռ կորոշենք՝ մասնակցելու ենք այսօրվա նիստին թե ոչ»,-ասել է նա։
Իսկ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքով էլ՝ իրենք լրատվամիջոցներից են իմացել նիստի մասին։
«Կարծում եմ՝ եթե դատարանը անհրաժեշտ գտնի և ծանուցի, գուցե մասնակցենք, բայց այս պահին ոչ ծանուցում ունենք, ոչ էլ «Դատալեքս»-ում է նշված, որ նիստ կա»,-հայտնել է Կարեն Մեժլումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է
- Քոչարյանի կալանքի հարցը քննելուց հրաժարված դատավորները ենթարկվեցին պատասխանատվության
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազության պատասխանը սպառիչ էր ու միաժամանակ խուսափողական