«Պատկան մարմինների անգործության հետևանքով ունենք կնասպանության ևս մեկ դեպք»
Պետական մարմինների, այդ թվում ոստիկանության բացահայտ անգործության հետևանքով ունենք կնասպանության ևս մեկ դեպք, որն առանձնանում է իր դաժանությամբ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը՝ խոսելով 26-ամյա երիտասարդի կողմից ծեծի ենթարկված և ստացած մարմնական վնասվածքներից մահացած 30-ամյա Մարիամ Ասատրյանի դեպքի մասին։
Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը պատմեց, որ Մարիամը երկու անգամ դիմել է իրենց, մի քանի ամիս անցկացրել է իրենց կացարանում, սակայն հետո ինքնակամ հեռացել է։ 2017 թ. նա թեժ գծի միջոցով է կապ հաստատել կենտրոնի հետ, եղել է դաժան ծեծված, մի ձեռքը կոտրված։ Կրկին դիմել է 2018-ին, այս դեպքում երկու ձեռքը կոտրված։
Հ. Գևորգյանն ասաց, որ ոստիկանությունը, քննչական մարմինը տեղեկացված են եղել այս դեպքերի մասին, սակայն որևէ աջակցություն չի տրամադրվել Մարիամին։ 26-ամյա երիտասարդը, նրա խոսքով, չի եղել Մարիամի ամուսինը, այլ զուգընկերը։
Փաստաբան Նոնա Գալստյանը կրկնեց, որ իրենք ոստիկանությանը բազմիցս տեղեկացրել են այդ դեպքերի մասին։
«Տեղեկացված լինելու պայմաններում, ըստ էության, որևէ միջոցառում չի ձեռնարկվել ապահովելու սպանված կնոջ անվտանգության, առողջության, հետագա սպառնալիքները չեզոքացնելու, երեխաներին հոգ տանելու հետ կապված»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ իրենց ջանքերով Մարիամի երեխաները տեղավորվել էին մանկատուն, սակայն հետագայում խնամակալության մարմնի խիստ կասկածելի, ոչ կոմպետենտ եզրակացությունների արդյունքում երեխաները կրկին հայտնվել են բռնության միջավայրում, շարունակել են վնասվել։
Փաստաբանն ասաց, որ այդ երիտասարդի հետ կապված մեկ այլ հաղորդում էլ էին ներկայացրել ոստիկանության արդեն մեկ այլ գործով. իրենց մեկ այլ շահառու կին հայտնել է, որ երիտասարդն իրեն ներգրավել է սեռական բնույթի ծառայություններ մատուցելու գործընթացի մեջ։
«Ունենալով նման փաստեր, առնվազն երկու տուժող անձ, ըստ էության, ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել։ Նա նման պայմաններում շարունակել է մնալ ազատության մեջ, ունեցել է հնարավորություն շարունակելու վնասել այդ անձանց։ Երկրորդ տոժողի հետ կապված մենք հնարավորություն ունեցել ենք ապահովելու անվտանգությանը, սպանված կնոջ դեպքում՝ ոչ, որովհետև ինչ-որ փուլում հրաժարվել էր իր դիմումներից»,- ասաց Ն. Գալստյանը։
Փաստաբանն ասաց, որ այստեղ խնդիրն այն է, որ իրենք մշտապես բարձրաձայնել են, որ ընտանեկան բռնության դեպքում, երբ առկա է անձի կյանքի և առողջության հետ կապված սպառնալիքներ, պետական մարմինն ուղղակի իրավունք չունի հղում կատարել անձի դիմումին, քրեական հետապնդումը դադարեցել կամ համապատասխան խափանման միջոցներ չձեռնարկել համապատասխան անձի հետ կապված։
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել այն դեպքում, երբ անգամ իրավապահ մարմիններն են արձանագրում, որ իրենք էլ տեղյակ են եղել այս դեպքերից, ահազանգեր ստացել են, Ն. Գալստյանն ասաց, որ ենթադրություններ չի անի, բայց փաստ է, որ տեղեկացված են եղել, ապացույցները բավարար են եղել։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Դիահերձման արդյունքներով պարզվել է, որ կինը հղի է եղել
- Բացահայտվել է 30-ամյա կնոջ սպանության դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին