ԲՀԿ-ն որևէ այլ քաղաքական ալյանսի կամ միավորման հարց չի քննարկում. Իվետա Տոնոյան
««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր ուժն է, ունի իր քաղաքական օրակարգը և շարժվում է այդ օրակարգով»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են միանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ձևավորված դաշինքին:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն որևէ այլ քաղաքական ալյանսի կամ միավորման հարց չի քննարկում:
«Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ալյանսին, դա բացառապես իրենց գործունեության դաշտն է: Կրկնում եմ` մենք ունենք մեր օրակարգը, շարժվում ենք մեր օրակարգով, և այդ օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կապելու հարց չի քննարկվել»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը:
Դիտարկմանը, թե բացառո՞ւմ են համագործակցությունը, պատգամավորն ասաց, որ ինքը կանխատեսումներով չի զբաղվում. «Ես սկզբունքորեն՝ երբեք կանխատեսումներով չեմ զբաղվում, կրկնում եմ՝ մեր օրակարգում նման հարց չկա»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե պատգամավորները կարդացե՞լ են Ռոբերտ Քոչարյանի գիրքը, Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը բացասական պատասխան տվեցին:
«Դեռ չեմ հասցրել կարդալ: Եթե ժամանակ ունենում եմ, ցանկացած գրականություն՝ հատկապես նոր տպագրված, աշխատում եմ կարդալ: Հիմա Մակրոնի «Հեղափոխություն» գիրքն եմ կարդում, ավարտելուց հետո կմտածեմ»,- ասաց Իվետա Տոնոյանը:
ԲՀԿ-ական պատգամավորները նշեցին, որ չեն կարդացել նաև Նիկոլ Փաշինյանի «Հեղափոխության հակառակ կողմը» գիրքը: Վահե Էնֆիաջյանը հույս հայտնեց, որ ամռանը ընթերցանության համար ավելի շատ ժամանակ կլինի:
Արցախի ժողովրդի հետ կապված հայտարարություններում պետք է չափազանց ուշադիր լինեն
Ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն անդրադարձան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:
Հարցին, թե ինչպես են գնահատում այս հայտարարությունը և արդյոք տեսնում են նման միտումներ, որ փորձ է արվում Արցախում հակահեղափոխականների կենտրոն ստեղծել, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ Արցախի ժողովրդի հետ կապված հայտարարություններում պետք է չափազանց ուշադիր լինեն ու զերծ մնան քաղաքական մեկնաբանություններից:
Անդրադառնալով վարչապետի՝ ասուլիսի ժամանակ ներկայացրած 100 փաստին, Վահե Էնֆիաջյանը նշեց, որ Հայաստանում խնդիրները ոչ թե հարյուրն են, այլ հարյուրավորը: Ըստ նրա՝ խնդիրների լուծումը պետք է ըստ ոլորտների ու բնագավառների զգան, իսկ գնահատականը պետք է տա ժողովուրդը: