ԱԳ նախարար. Մենք հանձնառու ենք ամրապնդել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ
Մայիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ԱԳ նախարարների հանդիպմանը, որին բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ նախաձեռնության 10-ամյակը լավ հնարավորություն է գնահատելու առաջին տասը տարիների ընթացքում Արևելյան գործընկերության արձանագրած ձեռքբերումները և քննարկելու համագործակցության հեռանկարները. «ԱլԳ վերաբերյալ առկա են տարբեր տեսակետներ, գնահատականներ և ընկալումներ ինչպես վեց գործընկերների, այնպես էլ՝ ԵՄ անդամների շրջանում։ Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը նաև նշանավորվեց Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ և մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջև: Արևելյան գործընկերությունը նաև շատ կարևոր և ամուր հարթակ է ԵՄ հետ մեր երկկողմ համագործակցության համար»։
Հայաստանի համար Արևելյան գործընկերության համատեքստում նախարար Մնացականյանն առանձնացրել է երեք գործոններ, որոնցից առաջինը ԵՄ «տարբերակման» քաղաքականության հիման վրա Հայաստանի՝ որպես համագործակցության առավել ճկուն և ընդլայնված շրջանակներ փնտրող երկրի առանձնահատուկ դիրքի ճանաչումն ու ընկալումն է, որի նշանավորումն էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքումը: Որպես երկրորդ գործընթաց առանձնացվեց Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների կարևորումը՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ինչպես նաև կայուն ժողովրդավարության, ազատության, երկխոսության և համագործակցության փոխադարձ ձգտումների վրա: Իսկ որպես երրորդ գործոն Զոհրաբ Մնացականյանն առանձնացրել է Հայաստանի յուրահատուկ ներդրումը Եվրոպայում ժողովրդավարության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում, որը լիարժեքորեն արտահայտվեց անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ:
«Մենք հանձնառու ենք ամրապնդել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի և անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվության ընդունման վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական և գիտական փոխանակումների ապահովմանը»:
Զոհրաբ Մնացականյանը հույս է հայտնել, որ ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ գործընկերների հետ և գործընկերների միջև առավել ներառական տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի մշակման և իրականացման գործում։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն առավել կարևորեց ԱլԳ-ի թվային, բնապահպանական, ֆինանսական և այլ ոլորտային օրակարգերի ընդլայնումը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաև շեշտել է, որ Արևելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի և անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին և արժեքահեն հարաբերություններին, ուստի Հայաստանը պատրաստակամ է համատեղ աշխատել՝ ընդլայնելու Արևելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ։
Անդրադարձ կատարելով առկա մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական մրցակցությանը և առճակատմանը դիմակայելու համար անհրաժեշտ է Եվրոպայում խորացնել համագործակցության ներուժը և կարողությունները: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԳ նախարարը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդգծվել է, որ այս սկզբունքները և դիրքորոշումները վերահաստատվել են Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան