Առաջին անգամ կներկայացվեն Թումանյանի անձնական հավաքածուից հազվագյուտ ցուցանմուշներ
Հայ հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակում գրողի երևանյան թանգարանը Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ կազմակերպում է «Ավանդ սերունդներին. պատմության գիտական հիշողություն» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի բացումը տեղի կունենա այսօր:
Թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսում ընդգրկված կլինեն Թումանյանի ընտանիքի կողմից ազգային արխիվին հանձնված բացառիկ և հազվագյուտ քարտեզներ, որոնք բանաստեղծի անձնական հավաքածուից են: «Հին և Նոր Կիլիկիայի», «Երևանի և Ելիզավետպոլի», «Ղարաբաղի և հարող շրջանների», «Կովկասի խաղողի այգիների», քարտեզները, «Թիֆլիսի հատակագիծը», և ևս 28 անուն քարտեզագրության եզակի ու տարաբնույթ ցուցանմուշներ առաջին անգամ կներկայացվեն լայն հասարակությանը:
Ցուցադրության բաղկացուցիչ մաս կկազմեն թանգարանում պահվող բանաստեղծի անձնական գրադարանի կովկասագիտության բաժնի գրքերը, որոնք նույնպես նախկինում չեն ցուցադրվել: Դրանք տարբեր հեղինակների բազմաբնույթ գիտական ուսումնասիրություններ են, սոցիոլոգիական, ժողովրդագրական հետազոտություններ, հոդվածներ, ակնարկներ, որոնք բովանդակային առումով կլրացնեն այդ աննախադեպ ձեռնարկը: Ցուցադրությունը հնարավորություն կտա բացահայտելու Թումանյանի հետաքրքրությունների ևս մեկ կողմը, և թերևս ազդակ հանդիսանա երիտասարդ սերնդի համար՝ կարևորելու պատմական հիշողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Խոջիվանքի պանթեոնում կայացել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հիշատակին
- Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
- Շեփորի հնչյունները կազդարարեն մուտք Թումանյան 150-ամյակ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան