Հրաչյա Չանդիրյան. Գերնպատակը Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճելն է
Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը: «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում» մայիսի 10-12-ը տեղի ունեցած Հայաստանի առաջնությանը մասնակցել են 40 մարզիկներ՝ տարբեր տարիքային խմբերում:
«Առաջնությանը մասնակցում էին 40 մարզիկներ։ Ուրախալի էր, որ բավական շատ էին սկսնակները։ Եվրոպայի առաջնությունում Լեւ Սարգսյանի եւ Վլադիմիր Հարությունյանի նվաճած մեդալի շնորհիվ մարզաձեւը գովազդվեց ու երեխաները սկսեցին հաճախել։ Մեծահասակների արդյունքից այդքան էլ գոհ չեմ։ Խնդիրներ կան. Լեւ Սարգսյանն ունի մեջքի խնդիր, վնասվածք ունի նաեւ Ազատ Հարությունյանը, որին բժիշկները 1 տարի արգելել էին մարզվել աշտարակացատկից, բայց այս առաջնության ժամանակ փորձեցինք: Դեռ ժամանակ կա մինչեւ մեր գլխավոր մեկնարկներն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում։ Մինչեւ այդ Սարգսյանն ու Հարությունյանը կմասնակցեն համաշխարհային Գրան պրիին: Այդ մրցաշարից հետո պարզ կլինի, թե ինչ մարզավիճակով ենք մոտենում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին»,- ասեօլ է մարզիչը:
Հրաչյա Չանդիրյանը նշել է, որ գերնպատակն աշխարհի առաջնության անհատական ցատկերի եզրափակիչում՝ լավագույն 12-յակում հայտնվելն է․
«Դա հնարավորություն կտա Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճել։ Գերնպատակը դա է: Եթե չստացվի, ապա Եվրոպայի առաջնությունում կփորձենք մեդալ նվաճել։ Օլիմպիական ուղեգիր նվաճելու մեր վերջին փորձը կլինի 2020-ին Տոկիոյում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ անհատական ցատկերում որակավորվում են 10 լավագույնները, իսկ սինքրոնում՝ լավագույն քառյակը»,- խոսքը եզրափակել է հավաքականի գլխավոր մարզիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա