Մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները. ՉԺՀ նախագահ
«Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- այս մասին ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը՝ աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:
ՉԺՀ նախագահի խոսքով` հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում: ՉԺՀ նախագահը միաժամանակ հավելել է, որ իր երկիրը հետագայում ևս աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին հրավիրելու և այս հանդիպման հնարավորության համար, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները:
«ՉԺՀ-ի հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին: Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար և քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ տպավորված է Չինաստանի զարգացման օրինակով և շնորհավորել Սի Ծինփինին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում