Ալումյան. Ներկայացված նյութերը հիմք չեն տալիս եզրակացնելու, որ առկա է հիմնավոր կասկած
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստում այսօր փաստաբան Հայկ Ալումյանը շարունակեց ներկայացնել միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:
Պաշտպանը մի հատված կարդաց Քոչարյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումից, ապա նկատեց.
«Այս մեղադրանքում հիմնավոր կասկածի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է, որպեսզի ի թիվս այլերի, մեղադրանքի կողմից ներկայացված նյութերը կասկած առաջացնեին, որ Սահմանադրության մեջ հիշյալ նորմերը իրավական համակարգում դադարել են գործել, որովհետև Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հենց այդպես է ասում։ Մինչդեռ ներկայացված նյութերը ոչ միայն հիմք չեն տալիս եզրակացնելու, որ առկա է հիմնավոր կասկած, այլ ավելին, մեղադրանքի հետագա շարադրանքում ևս նման հետևանքներ նկարագրված չեն»։
Փաստաբանը մանրամասնեց, արտակարգ դրությունը վերաբերել է ոչ թե ՀՀ ամբողջ տարածքին, այլ միայն Երևանին։
«Նման մեղադրանք հնարավոր կլիներ որևէ մեկին առաջադրել միայն այն դեպքում, եթե վերացվեին ժողովրդավարական պետությանը բնորոշ ինստիտուտները՝ խորհրդարանը, դատարանները, կամ վերացված լինեին ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու սկզբունքը» կամ դադարեցվեր Սահմանարության 2-րդ գլխի կիրառությունը, որը սահմանում է մարդու և քաղաքացու իրավունքները»,-շարունակեց Ալումյանը։
Փաստաբանն ընդգծեց, պետք է հստակորեն տարանջատել որևիցե գործողություն, որով խախտվել է իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքը և այն վիճակը, երբ դրանք դադարել են գործել իրավական համակարգում։
«Պետք է հստակորեն տարանջատել Սահմանադրության որևէ նորմեր՝ այդ թվում 1-5-6-րդ հոդվածների խախտումը դրանց կիրառումը իրավական համակարգում գործել դադարելուց, մինչդեռ պարոն Քոչարյանի մեղադրանքում ներկայացված է Սահմանադրական որևէ նորմի գործելու դադարեցում, այլ խախտում։ Այսինքն, եթե իրականում մեղադրանքի մեջ նշված գործողություններն իրականաում կատարված լինեին և իրականում լինեին ապօրինի, ինչպես նշված է մեղադրանքում, ապա նույնիսկ այդ դեպքում դրանք չէին համապատասխանի ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմին։ Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածը բացակայում է նույնիսկ այն դեպքում, եթե նա ամբողջությամբ կատարած լինի մեղադրանքում նկարագրված գործողությունները, եթե նույնիսկ դրանք իրականում անօրինական լինեին, ինչպես գրված է մեղադրանքում»,-ասաց Ալումյանը։
Հիշեցնենք, որ երեկվա նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացրեց Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի կողմից անձնական երաշխավորություն` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Հարցի վերաբերյալ նախագահողը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ երաշխավորագիր ներկայացրած անձինք դատարանում պետք է վերահաստատեն այն, ուստիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանից ժամանակ խնդրեց՝ պարզելու համար, թե երբ է հնարավոր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը կազմակերպել:
Այդ ամենից հետո պաշտպանական խումբը սկսեց ներկայացնել միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:
Նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա դատարանի դիմաց. Քոչարյանը զանգովի արդարադատության զոհ է
- Հայկ Ալումյանը չգիտի, թե երբ Արցախի ներկա և նախկին նախագահները կգան դատարան
- Քոչարյանի գործով նիստը կշարունակվի վաղը
- Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի դատարան ներկայանալու մասին
- Ռոբերտ Քոչարյան. Իրականացվել է ուղղորդված, կողմնակալ քննություն
- Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը պետք է որպես երաշխավորներ ներկայանան դատարան
- Եկել եմ աջակցելու Ռոբերտ Քոչարյանին. Աղվան Վարդանյան
- Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ
- Ալումյան. Սա դռնբաց նիստ համարվել չի կարող
- Ալումյան. Միջնորդություն ենք ներկայացրել գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ