Չուլպան Խամատովան կմարմնավորի Ռաիսա Գորբաչովային
Թատրոնի և կինոյի դերասան Եվգենի Միրոնովը պատմել է, որ «Գորբաչով» ներկայացման մեջ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի կնոջ՝ Ռաիսա Գորբաչովայի դերը կմարմնավորի Չուլպան Խամատովան: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գորբաչովի դեր կմարմնավորի Եվգենի Միրոնովը: Ներկայացումը բեմադրում է լատվիացի ռեժիսոր, Ռիգայի Նոր թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալվիս Հերմանիսը:
Նշվում է, որ ներկայացման փորձերը սկսվել են այսօրվանից: Ըստ դերասանի խոսքի՝ փորձերը սկզբում կանցկացվեն Ռիգայում, իսկ հետո՝ Ռուսաստանում:
Միխայիլ Գորբաչովը խորհրդային կուսակցական, պետական-քաղաքական գործիչ է, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարը (1985–91 թթ.), ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը (1990–91 թթ.), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1990 թ.):
Ռաիսա Գորբաչովան մարդկանց հիշողություններում մնաց որպես ամենուր իր ամուսնուն ուղեկցող Առաջին տիկին։ Խորհրդային քաղաքացիները, սովոր չլինելով նման վարք տեսնել, հիմնականում քննադատում էին նրան։