Փաշինյան. Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր
Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանը շնորհակալութուն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել։
««Ասիական քաղաքակրթությունների երկխոսության» համաժողովը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության հարցերը։ Ես շատ ուրախ եմ այդ հնարավորության և համաժողովի շրջանակներում Ձեզ հետ հանդիպելու համար։ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահերը»,-ասել է նա։
Լի Քեցյանը ևս կարևորել է երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը` նշելով, որ չինական կողմի մոտեցումները համընկնում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած ոլորտային առաջնահերթությունների հետ:
Զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսութան ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և Հայաստանում այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը: Լի Քեցյանը շեշտել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է ներգրավվել նշված ծրագրերում:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանի ամենամեծ շինկազմակերպությունը ցանկություն ունի ներգրավվելու «Հյուսիս-հարավ»-ի աշխատանքներում
- Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին
- Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ