Թոմաս դե Վաալ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես միշտ, «սփոյլեր է»
«Արևելյան գործընկերության 10-ամյակի հոբելյանական հայտարարությունը, ցավոք, արգելափակվեց Բաքվի կողմից, քանի որ չկար հղում «տարածքային ամբողջականությանը»։ Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային ևս սա դուր կգար, բայց պատրաստ էին ապրել առանց դրա»,- այս մասին թվիթերում գրել է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ անդրադառնալով մայիսի 13-14-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության համաժողովի հայտարարության մակարդակի իջեցմանը։
Դե Վաալը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես միշտ, «սփոյլեր է»․ չնշեցիր «տարածքային ամբողջականության» սկզբունքը, վիրավորում ես Ադրբեջանին, նշեցիր՝ նեղացնում ես Հայաստանին։ Այսպիսին է իրավիճակը, ըստ դե Վաալի, որը շարունակվում է 1996թ․-ի Լիսբոնի գագաթնաժողովից։
«Հին ձգվող հակամարտությունը ոչ միայն վնասում է տեղացիներին, այլև թույն է տարածում շատ հեռու»,-ասել է Դե Վաալը։
Դե Վաալը նշում է, որ Ադրբեջան-Եվրամիություն «ռազմավարական համաձայնագիրը» դեռևս չի ավարտվել և Բաքուն, ակնհայտորեն, ցանկանում է, որ ԼՂ հարցի ձևակերպում լինի երկկողմ համաձայնագրում։ Իսկ ԵՄ-ին խորհուրդ է տրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանն աջակցություն հայտնելուց առաջ չանցնել։
«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն պետք է վերահայտնաբերի իր ճարպկությունը՝ նախկին հետխորհրդային երկրների հակամարտությունների հետ առնչվելիս, և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի։ Յուրաքանչյուրը տարբեր է և պահանջում է ԵՄ-ի տարբեր դերեր»,-ասում է փորձագետը։
Թոմաս դե Վաալը կարծում է, որ Եվրամիությունը պետք է Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ չկորցնի ավելի լայն աշխարհաքաղաքական հրամայականը՝ Արևելյան հարևանության հակամարտությունների լուծման առումով։
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հնարավոր ձևակերպումներին, ասել է, որ մենք ունենք ԵՄ հետ մեր պայմանագիրը, որտեղ ներառված է նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող պարբերություն ու հույս է հայտնել, որ Եվրամիությունը ունի հետևողականությունը պահպանելու սկզբունքները։
I'm at #Eap10. Some thoughts on conflicts
— Thomas de Waal (@Tom_deWaal) May 14, 2019
1. Release of joint statement on 10th anniversary of #EasternPartnership unfortunately blocked by Baku as no reference to “territorial integrity.” Georgia, Moldova, Ukraine would also have liked this but were prepared to live without it.