Մարդիկ այստեղ պատրաստ են ջանք ներդնել իրենց ապագան բարելավելու հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
«Ինձ համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգները Հայաստանում: Այստեղ գտնվելու իմ առաջին 2.5 ամիսները շատ հագեցած են եղել»,- այս մասին նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ Հայ-ամերիկյան պալատում իր ելույթի ժամանակ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպանն իր խոսքում նշել է. «Մեր տնտեսական հարաբերություններում դեռ շատ է չիրացված ներուժը: Վերջին տարիների Հայաստանի ամուր տնտեսական աճը, որը 2017թ. կազմել է 7%, իսկ 2018թ. 5%, ցույց է տալիս շարունակական վերընթաց աճի ներուժը, որը կարող է իրացվել կայուն տնտեսական գործունեության, ներդրումների և նորարարության համար նպաստավոր գործարար միջավայրի պարագայում: Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից արդարացի, կանխատեսելի և թափանցիկ ներդրումային միջավայրի ձևավորման ջանքերի շարունակմանը: Մենք սպասում ենք ՀՀ կառավարության լուրջ բարեփոխումներին՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Մի բան, որ ես մշտապես լսում եմ տնտեսության մասին այստեղ՝ Հայաստանում, այն է, որ Հայաստանի ընդհանուր տնտեսական հաջողության համար անչափ կարևոր է տնտեսական զարգացումը Երևանից դուրս՝ մարզերում: Ես հավատում եմ դրան: Ես արդեն առիթ եմ ունեցել հանդիպել մարդկանց՝ երկրի տարբեր վայրերից, որոնք բոլորն էլ ունեն նորարարական գաղափարներ ու շահագրգռված են ու պատրաստ իրենց նպաստը բերել երկրի բարեկեցությանը, և այդ շահագրգռվածությունը պետք է սնել: Հատկապես, երբ այս հավակնությունները հայտնում են երիտասարդները, ովքեր երկրի ապագան են: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք մնան Հայաստանում և կարողանան իրագործել իրենց երազանքները»։
Թրեյսին նշել է, որ Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է հասկանալ, որ մարդիկ այստեղ պատրաստ են ջանք ներդնել իրենց ապագան բարելավելու հարցում. «Նրանք արդեն գիտեն, որ փոփոխությունը սկսվում է հենց իրենցից: Անցած տարվա ժողովրդավարական ձեռքբերումների նյութականացումն այժմ կախված է Հայաստանի ժողովրդից: Իսկ ես հավատացնում եմ ձեզ, որ մինչ Հայաստանը շարունակում է առաջ շարժվել, զարգացնել իր ժողովրդավարությունը, ամրապնդել իր տնտեսությունը և ձևավորել խաղաղության ու բարեկեցության համար անհրաժեշտ տիրույթը, Միացյալ Նահանգներն այստեղ է աջակցելու ձեզ՝ որպես բարեկամ և գործընկեր»։