Սահմանապահ Չինարի գյուղում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ
Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագիրը շարունակվում է: Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, գյուղերում ներդրվում է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որն ապահովում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն:
Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած ունեցած դիրքին ու հակառակորդի վարքագծի անկանխատեսելիությանը՝ գյուղում պահպանում են կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով: Ենթակառուցվածքների բացակայության ու տարբեր խնդիրների պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Տարբեր խնդիրերից, չինարեցիներն առաջնահերթ լուծման են համարել փողոցային լուսավորության ապահովումը՝ իրիկնամուտին այգուց տունդարձն ապահով անցնելու համար:
Դեռևս 2018-ին մեկնարկած ծրագրի արդյունքում, Չինարի գյուղում տեղակայվել է 51 LED լուսարձակից բաղկացած փողոցային արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել են գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող, 1,700մ երկարությամբ հիմնական փողոցները:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, սահմանամերձ գյուղերը եղել և մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Ընկերությունն իր գործընկերոջ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ, շարունակում են առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այդ մասին են վկայում սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները: Չինարիում նախկինում իրականացվել են խմելու և ոռոգման ջրի մի քանի ծրագրեր, իսկ մինչև տարեվերջ, կողմերը կիրականացնեն հերթական ծրագիրը. կընդլայնվի LED լուսավորության համակարգը՝ լուսավորելով գյուղի արդեն երկրորդական փողոցներն ու գյուղի մուտք հանդիսացող գլխավոր ճանապարհահատվածը:
Ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը և գյուղի բնակիչները:
«Դարձյալ Չինարիում ենք՝ իրականացրած հերթական ծրագիրը գնահատելու համար: Կարևոր եմ համարում այստեղ գործադրված ջանքերը: Առհասարակ, սահմանապահ գյուղերում ներդրում կատարելով՝ լուծում ենք ոչ միայն կոնկրետ բնակավայրի, այլև, ինչ-որ առումով՝ մեզանից յուրաքանչյուրի խնդիրը: Այս գյուղերում բնակվողներն իրենց ամենօրյա ջանքերով ապահովում են և՛ իրենց, և՛ յուրաքանչյուրիս ընտանիքի անվտանգությունը: Մենք էլ, տարբեր նախաձեռնություներով, հղում ենք կարևոր պատգամ. շարունակեք ապրել ու շենացնել հայրենի հողը: Մենք ձեր կողքին ենք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: