Հաջորդ տարվա սկզբից կսկսվեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները. Մեսչյան
«Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման ծրագրերը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նա ցավով ասաց, որ սա այն տարբերակն է, որ իրենք հնարավորություն չունեն բյուջետային գումարներն օգտագործել այդ ծրագրերի համար։
«Չնայած այդպիսի քաղաք չկա աշխարհում, որ մետրոյի կայարանները կառուցվում են ոչ բյուջետով, այլ կառուցապատողների միջոցով, հիմա մենք փորձում ենք այդ քայլը կատարել, և ոնց որ թե մեզ մոտ կստացվի։ Հուսով ենք, որ այս տարվա ընթացքում՝ մինչև հունվար ամիս մենք կավարտենք նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները»,- ասաց Մեսչյանը։
Ճարտարապետը տեղեկացրեց, որ աշխատանքները կսկսեն կամուրջից, ինչից հետո կամուրջի վրա կտեղավորվի կայարանը. «Շատ բարդ խնդիր է։ Տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվում է պետք, մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ, որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքականությունը և բոլոր նրբությունները, որ կապված են այդ ծրագրի հետ»։
Ինչ վերաբերում է ճոպանուղու կառուցմանը՝ նա նշեց, որ այդպիսով փորձ է արվում հնարավորինս թեթևացնել Նոր Նորքի և քաղաքի կենտրոնի կապը։
«Այսօր այն գրեթե բերում է տրանսպորտային կոլապսի։ Կապը լինելու է Նոր Նորքի 2-րդ զանգվածից դեպի պոլիտեխնիկական համալսարանի հանրակացարանների տարածքը։ Հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի, բայց այս պահին քաղաքապետարանի սկզբնական խնդիրն այդ առաջին կապն է»,- նշեց ճարտարապետը՝ հավելեով, որ այդ հարցի հետ կապված ևս աշխատում են կառուցապատողների հետ։
«Ճիշտն ասեմ, հիմա ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, քան՝ ճարտարապետությամբ, որովհետև կառուցապատողներին ներգրավվել այս ծրագրի մեջ, բավականին բարդ խնդիր է, բայց՝ լուծվելիք։ Կան կառուցապատողներ, որոնց հետ աշխատում ենք։ Անուններ դեռ չեմ ասի, մյուս ասուլիսի ժամանակ ավելի մանրամասն կխոսենք այդ թեմայով»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետի թեկնածու Փաշինյանը գիտեր, ինչպես և երբ շահագործման կհանձնվի մետրոյի կայարանը, գործող քաղաքապետը՝ ոչ
- Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան