Եթե իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին ուղարկելու եմ տուն. Մեսչյան
«Եթե մոտակա ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն։ Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Նրա խոսքով՝ այն աշխատավարձը, որ ստանում են այդ մարդիկ, ոչ մի տրամաբանական սահմաններում չէ։
«Շատ տգեղ խոսակցություններ են գնում այս վերջերս աշխատավերձերի հետ կապված։ Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուռացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ն աշխատում են: Մեկ էլ հեռուստատեսությունով լսում են բավականին անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ, մի քանի կոպեկ աշխատավարձը, որ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած, դա այդքան ազնիվ չէ»,- ասաց Մեսչյանը:
Նրա խոսքով՝ իր աշխատակիցները նախատեսված աշխատաժամից ավելի են մնում, որովհետև աշխատանքի ծավալը մեծացել է երեք անգամ, իսկ աշխատակազմը մնացել է նույնը:
«Քաղաքապետի աշխատավարձը հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, այդտեղ պրոբլեմը ո՞րն է, ինչի մասին ենք մենք խոսում: Ոչ ոք մեզանից չի եկել քաղաքապետարան աշխատելու, որպեսզի հարստանա: Մենք փորձում ենք հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին»,- ասաց նա:
Անդրադառնալով բժիշկների, մանկավարժների, սահմանապահների աշխատավարձերի հարցին, Արթուր Մեսչյանը պատասխանեց. «Ես կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե նրանք այնպիսի աշխատավարձ ստանային, որ կարողանային նորմալ ապրել»:
Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը հայտնեց, որ մեծացրել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները:
«Շատ շուտով, մոտ օրերս վարչական շրջաններն իրավասու կլինեն ավելացնել իրենց գործառույթը նրանով, որ իրենք պատասխանատու կլինեն ավտոտնակների, վարձակալությունների երկարացման, կրպակների, վարչական շրջանների այգիների համար: Այն ծավալների համար, որոնցով մենք զբաղվում ենք, այդ աշխատանքները բավականին ժամանակ են խլում մեզանից, կարևոր ծրագրերի համար ուղղակի ժամանակը չի հերիքում։ Ես ուզում եմ, որ վարչական շրջանների ղեկավարներն իսկապես ղեկավարեն իրենց շրջանը՝ ճարտարապետական այս ամբողջ հարթության մեջ», - նշեց նա։
Ինչ վերաբերում է ապօրինի շինարարություններին, նա տեղեկացրեց, որ դրանց ծավալները բավական շատ նվազել են. «Իհարկե կան դեպքեր, որ նման գործունեություն շարունակվում է, բայց առաջվա վիճակն, ըստ նրա, չկա: Վերջապես սկսեցին հասկանալ, որ այսօր բոլորը հետևում են ապօրինի շինարարությանը, բոլորը աչք են պահում, որ հանկարծ ապօրինի շինարարություն չարվի։ Ցանկացած հողազավթում, ապօրինի շինարարություն իրականացնող պետք է իմանա շատ լավ, որ ի վերջո կընկնեն դիտակետի տակ և կունենան պրոբլեմ: Խնդրում եմ, մի արեք, որովհետև խնդիր եք ունենալու և մեծ, իսկ խնդիրն այն է, որ քանդելու եք ինքներդ ձեր ձեռքով, ինչի՞ համար: Դիմեք մեզ, օրինական ճանապարհով, եթե հնարավոր է, մենք ձեզ թույլատվությունները կտանք, գնացեք արեք»,- նշեց Մեսչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգից
- Հայկ Մարության. Աշխատավարձը բարձրացնում ենք, որ մարդիկ աշխատանքի ընթացքում մտածեն աշխատանքի մասին