Այսօրվա քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ կիրառելու առկա չօգտագործված ներուժը. Ղուլյան
«Վերջին շրջանում հանդիպումները հաճախակի բնույթ են կրում և այսօր էլ 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ հրավիրվում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Միրզոյանի համոզմամբ` Երևանում հրավիրված նիստի օրակարգը հագեցած է և թույլ կտա բացահայտելու փոխգործակցության նոր հեռանկարներ ու ձևաչափեր:
Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԱԺ խորհրդարանականներն այսուհետ ևս շարունակելու են Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցը հնարավորինս բարձրացնել միջազգային խորհրդարանական հարթակներում: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և խորհրդարանական կառավարման համակարգին անցումը նոր հեռանկարներ է բացել միջազգային կազմակերպություններում ԼՂ հիմնահարցը բաձրաձայնելու համատեքստում:
Աշոտ Ղուլյանն իր հերթին բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ կիրառելու առկա չօգտագործված ներուժը և անցնել առավել գործնական քայլերի:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցության առաջիկա օրակարգը, օրինաստեղծ գործընթացում փոխգործակցությունը, խոսել փորձի փոխանակման և փոխադարձ այցերի կարևորության մասին: Նրանք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն Արցախի հիմնախնդրի արդար լուծման գործում, արժևորել համատեղ ջանքերը՝ ուղղված համահայկական խնդիրների առաջմղմանը:
Անդրադարձ է եղել նաև ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին