Հայաստանում 2018 թ-ի ընթացքում գազիֆիկացվել է 12 հազարից ավելի բնակարան և բնակելի տուն
Ըստ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ամփոփ տեղեկատվության, 2018թ. բնական գազ են ստացել հանրապետության քաղաքային բնակավայրերի 91.8%-ը, գյուղական բնակավայրերի` 66.2%-ը: Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքները սկսելը բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները:
ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 1997թ. սեպտեմբերից մինչև 2019թ. հունվարի 1-ը բնական գազով գազաֆիկացվել է 702 444 բնակարան և բնակելի տուն:
2018 թվականի տարեսկզբին գազիֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը կազմում էր 690 հազար 382 միավոր: Տարվա ընթացքում գործարկվել է 12 հազար 67 միավոր, որի արդյունքում տարեվերջին գազիֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը կազմել է 702 հազար 444:
Ըստ աղբյուրի՝ հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2019թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 26 169.7 մլն. դրամ, որից բնակչությունից` 12 630.1 մլն. դրամ: